Hayastan

Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունը մարտահրավեր է ոչ միայն Լիբանանի պետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար, իհարկե, անհամեմատ ավելի փոքր մասշտաբի, բայց մարտահրավեր, քանի որ Լիբանանում կա հոծ հայկական համայնք և այն ունի օգնության կարիք:

Ամենազազրելին, անշուշտ, այն է, որ այդ հարցը կարող է դառնալ Հայաստանի ներքաղաքական շահարկումների և խաղարկումների առարկա, և արդեն, ըստ էության, դառնում է՝ տարբեր քաղաքական խմբերից հնչող հարցադրումների տեսքով, որոնցում ավելի շուտ ոչ թե մտահոգություն է, այլ մտագոհություն այն առիթի համար, որ սարսափելի աղետը ստեղծել է Հայաստանի կառավարության հասցեին ընդդիմախոսության համար: Ի վերջո, անկասկած է, որ Երևանը չի կարող անմիջապես ցուցաբերել բազմաբովանդակ, ակնթարթային աջակցության այն ամբողջ ծավալը, որի անհրաժեշտությունն ու կարիքն ունեն մեր հայրենակիցները Բեյրութում:

Եվ դա, իհարկե, հնարավորություն է խոսելու, թե օգնությունն ուշանում է, թե համապատասխան պաշտոնյաները չեն գործում և այլն, թեև արտաքին գործերի նախարարությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որն աշխատելու է թե՛ լիբանանյան կառավարության, թե՛ հայկական կառույցների հետ: Լիբանանի հայկական համայնքի օգնության հարցը Հայաստանում ներքաղաքական խաղարկումների առարկա դարձնելը գործնականում կվկայի հայաստանյան ներքաղաքական դաշտի բարոյա-հոգեբանական դեգրադացիայի ամենացածր աստիճանի մասին, որ հնարավոր է պատկերացնել:

Լիբանանի հայ համայնքը պետք է հայտարարվի ցանկացած քաղաքականությունից վեր, ըստ այդմ՝ համայնքի օգնության հարցը պետք է հայտարարվի վերքաղաքական, վերկուսակցական, անգամ վերպետական՝ համազգային խնդիր: Եվ այստեղ, անշուշտ, կառավարությունն էլ պետք է ստանձնի իր առանցքային պատասխանատվությունը՝ այդ ուղենիշները, կողմնորոշումները սահմանելու և առաջնորդելու համար, կիրառելով կառավարական օգնության խողովակներն իր հերթին, միևնույն ժամանակ, սակայն, հնարավորինս սահմանելով համազգային օգնության համար անհրաժեշտ միջավայր և բարոյահոգեբանական մթնոլորտ: Սա այն հարցն է, որտեղ ոչ ոք ոչ մեկի վրա միավոր հավաքելու փորձ իսկ չպետք է անի, թեև, եթե անկեղծ լինենք, այդ փորձերն արդեն սկսել են ֆեյսբուքյան տիրույթում, և իրատեսական էլ չէր պատկերացնել, որ դրանք չեն լինելու: Ի վերջո, հայաստանյան ներքաղաքական կյանքի մասնակիցները երբեք չեն փնտրել կամ առավել ևս ստեղծել այդ կյանքի բովանդակություն, նրանք փնտրել են միայն առիթներ, խտրություն չդնելով դրանց ուրախ կամ տխուր լինելու հանգամանքների միջև:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •