Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում փոխում է մարտավարությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսով հիվանդացության վիճակը ՀՀ-ում շարունակաբար թուլանում է, բայց ամենօրյա դեպքերի հայտնաբերման բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ։ «Հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, բարձրացել է, որովհետև եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմատատանվում են 15 տոկոս, պլյուս-մինուս 1-2 տոկոս, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք։ Եվ ես ուզում եմ ասել, որ մենք այս առումով մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել այն իմաստով, որ եթե նախկինում հոսքերը մեծ էին, և ըստ էության մենք պասիվ սպասում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում։ Եվ Առողջապահության նախարարությունն ինքն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային որոշակի խմբեր, գործարաններ, մենք սեփական նախաձեռնությամբ կգնանք այնտեղ և ախտորոշումներ կիրականացնենք։ Եվ սա այն ձևը կլինի, որը մեզ հնարավորություն կտա ի վերջո հաղթահարել համաճարակը»,- ասաց վարչապետը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ խորհուրդ է տրվում թեստավորման ծավալներն այնպիսի մակարդակում պահել, որպեսզի հայտնաբերված դեպքերը կազմեն հայտնաբերված ոչ ավելի, քան 10 տոկոսը։ «Մենք դժբախտաբար ունեցել ենք ժամանակ, երբ 30-ից ավելի տոկոս ենք ունեցել։ Սակայն դրանից հետո կայուն անկում ունենք մինչև 15  տոկոս։ Եվ հույս ունենք, որ կիջնենք ու կհասնենք այս 10 տոկոսին։ Դրան հասնելու համար մենք նաև նախաձեռնողական վերցնում ենք ռիսկային փակ հաստատությունների կոլեկտիվներ կամ բնակիչներ հետազոտելու, ինչպես նաև համաճարակաբանական կապ գտնելով՝ տարբեր ձեռնարկություններ։ Օրինակ՝ դրանց մեջ են սուպերմարկետներ, ֆաբրիկաներ, բանկեր, հոգեկան առողջության կենտրոններ։ Այսինքն՝ եթե մեկ հոգու հայտնաբերում ենք այդ հաստատություններում, մենք չենք սպասում մյուսների մոտ սիմպտոմների ի հայտ գալուն և դիմելուն, վերցնում ու բոլորին հայտնաբերում ենք»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ, օրինակ, վերջին օրերին հոգեկան առողջության կենտրոններից մեկի 350 աշխատակիցների են միանգամից հետազոտել։ Եվ 25 դրական դեպք է հայտնաբերվել, բայց այդ անձինք որևէ սիմպտոմ չեն ունեցել, ընդհանրապես որևէ գանգատ չեն ունեցել։

«Եվ դա մեր հիմնական ցուցումներից մեկն է լինելու, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բժշկական ցուցումներով դիմելիությունը բարեբախտաբար աստիճանաբար ընկնում է։ Եթե մենք նախկինում ունեինք ցուցում, որ 38․5 ջերմությամբ քաղաքացիներին էինք միայն հետազոտում, հետո իջեցրեցինք դա 37․5-ի, որը փաստացի ցանկացած ջերմությունն է, միևնույն է, դիմողները քիչ են։ Բայց որպեսզի մենք բաց չթողնենք որևէ թաքնված դեպք, մենք որդեգրել ենք այդ երկրորդ մոտեցումը, ինչն իր արդյունքները, վստահ եմ, կտա։ Եվ փորձելու ենք թեստավորման այդ թվերը՝ 1500-ից ավելի, 2000-ի շրջանակը պահել, որովհետև եթե դա չանենք, մենք անխուսափելի քիչ թեստեր ենք անելու։ Դա մեզ թույլ չի տալիս բոլոր հնարավոր դեպքերը գտնենք»,- հավելեց Թորոսյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •