Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է տեղեկություն, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական մի շարք գերատեսչությունների և կառույցների կայքեր, այդ թվում՝ կառավարության, և քաշել մեծ ծավալի անձնական տվյալներ և նյութեր:

Կիբերպատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր թափով բռնկվել է հուլիսյան մարտերի ֆոնին, որ ծավալվում էին Տավուշում: Ի դեպ, այդ իմաստով հանրային, տեղեկատվական ուշադրության կենտրոնում հայտնվել էին ռազմական գործողություններն ու դրանցում հայկական ռազմարդյունաբերության մշակումների կիրառումը, մարտական մկրտությունը և, ըստ էության, հաղթական մկրտությունը: Այդուհանդերձ, «տավուշյան հուլիսը» ոչ միայն դա էր, և ոչ միայն համահայկական համախմբումը հայկական ծիրանի շուրջ, այլ կիբերպատերազմը: Ընդ որում, մի երևույթ, որը թերևս դառնալու է նոր ժամանակների, ապագայի պատերազմների անբաժան և հիմնական ուղեկցորդներից մեկը: Ավելին, կիբերպատերազմը կարող է վերածվել ուղղակի առանձին պատերազմական ուղղության՝ անկախ ռազմական գործողություններից և առանց ռազմական գործողությունների: Ու, եթե ներկայումս այն ընթանում է այսպես ասած՝ տվյալներ «գողանալու» կամ պետական կայքեր կոտրելու մակարդակում, ապա վաղը կիբերպատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հասնել ընդհուպ կառավարման, ենթակառուցվածքային համակարգեր խափանելու փորձերի: Դա տեխնոլոգիական աշխարհի «արատավոր էֆեկտն» է, երբ հակառակորդը հարձակվում կամ գրոհում է ոչ թե օդից կամ բլրի հետևից, այլ մալուխների միջով, փորձելով կաթվածահար անել երկրի բնականոն կենսագործունեությունը: Դա է հիբրիդային պատերազմի էական առանձնահատկություններից մեկը, որը ճանաչված է ընդհուպ ուժային կենտրոնների, տերությունների, գերտերության մակարդակով:

Ըստ այդմ, Տավուշում արձանագրելով հայկական ռազմական և գիտական մտքի, հայկական պետականության նոր որակների հաղթանակը, անհրաժեշտություն ունենք գնահատել նաև կիբերպատերազմում հայկական որակները, խնդիրները: Այդ իմաստով ակնառու է, որ դրանք կան, և տեղեկատվական անվտանգության մասնագետը գործնականում մատնացույց է անում հետևանքը: Այն ներկայումս ամենևին սարսափելի չէ, բայց վաղը կարող է լինել բավականին ծանր, եթե այսօր անհրաժեշտ հետևություններ չարվեն այդ ոչ սարսափելի հետևանքի առնչությամբ: Ասել, թե հայաստանյան կիբերջոկատները համարժեք չեն պատասխանում հակառակորդին, ոչ միայն կլինի սխալ, այլ, թերևս, կլինի անարդարացի, որովհետև հայկական կիբերջոկատները, անշուշտ, հակադարձում են ադրբեջանցիներին՝ ըստ արժանվույն: Խնդիրն այն է, սակայն, որ տվյալ պարագայում չի գործում «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքը, ինչպես կարող է լինել, օրինակ, անմիջական ռազմական գործողությունների դեպքում, երբ հակառակորդի հարձակումը կասեցվում է ամուր պաշտպանությամբ և հետ մղվում հակագրոհով, արմատապես փոխելով մարտի և ռազմա-քաղաքական իրողության տրամաբանությունը: Այս դեպքում մենք կարող ենք հակառակորդին հարվածել համարժեք, ուժգին, սակայն դրանով երաշխավորված չէ մեզ ուղղված հարվածների կանխարգելումը:

Ըստ այդմ, կիբերպատերազմների պարագայում, թերևս, լավագույն պաշտպանությունն, այդուհանդերձ, իսկապես լավագույնս պաշտպանվել կարողանալն է, հայկական թվային իրականությունը արտաքին գրոհներից առավելագույնս ապահովագրելը պաշտպանիչ բազմաբնույթ շերտերով, որոնք առնչվում են թե՛ տեխնոլոգիական կարողություններին, թե՛ նաև պարզապես մարդկային աշխատանքի կազմակերպմանը, զգոնությանը և աշխատանքային պարտականությունների հստակ բաշխմանն ու դրանց հանդեպ պատասխանատվությանը: 21-րդ տեխնոլոգիական անընդհատ հեղափոխությունների դարում պետական անվտանգության և ինքնիշխանության սահմանն անցնում է ոչ միայն փշալարով կամ խրամատով, այլ նաև մալուխով: Ըստ այդմ, պետք է նույնքան ամուր պահվի նաև այդ սահմանը: Հայաստանի ռազմական և ռազմարդյունաբերական մտքի հաղթանակը չպետք է թողնել կիսատ, առանց կիբերհաղթանակի, որն այս դեպքում առավելագույն հուսալի պաշտպանությունն է: Հատկապես որ մենք խոսում ենք Հայաստանում մասնագիտական ներուժի առատության մասին: Հայաստանի կիբերպաշտպանվածությունն այդ իմաստով ոչ միայն ունի անվտանգային նշանակություն, այլ նաև տնտեսական-իմիջային՝ որպես հայկական մասնագիտական ռեսուրսի լավագույն «գովազդ»:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •