Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․

📌փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով,

📌խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ  իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ,

📌չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների,

📌ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:

Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։

Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.

📌ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,

📌անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,

📌ազատել բոլոր քաղբանտարկյալներին։

12 օգոստոսի, 2020 թ.

——————

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

[Հայտարարությունը բաց է միանալու համար]

Հայտարարությունաը միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր կամ Ձեր կազմակերպության տվյալները communication@hcav.am էլփոստին։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •