Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ միացել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքներին նախագահի ընտրությանը հաղթելու կապակցությամբ: Դա այն պարագայում, երբ Լուկաշենկոյի ընտրությունը բելառուսցի հազարավոր ընտրողների վիճարկման հարց է, որի առնչությամբ արդեն իսկ տեղի են ունեցել բախումներ և դեռ պարզ չէ, թե ընդհանուր առմամբ ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները:

Այդ իմաստով, Հայաստանից շնորհավորանքը թվում է անպատեհ, հատկապես հաշվի առնելով այն, թե ժողովրդավարությունը քաղաքական հավատամքի ինչպիսի մակարդակով է դիտարկում Հայաստանի նոր իշխանությունը: Բանն այն է, որ դա կարծես թե չի համադրվում Բելառուսի նախագահի ընտրությանն ուղղված շնորհավորանքի հետ՝ հաշվի առնելով այդ ընտրությունն ու հետընտրական վիճակը: Դրանով հանդերձ, անկասկած է, որ քաղաքական տողատակում գործընթացն ունի բազմաթիվ այլ նուրբ շերտեր, և Բելառուսի նախագահի ընտրության շուրջ տեղի ունեցողը իրականում ամենևին պարզունակ կամ սև և սպիտակ իրականություն չէ, որքան կարող է թվալ առերևույթ:

Բելառուսում Լուկաշենկոն, ըստ էության, դե ֆակտո կորցնում է պետությունը, այն իմաստով, որ նա ստիպված է նախագահ մնալ ոչ թե բռնությամբ կամ ուժով, այլ պարզապես սեփական ժողովրդին հաղթելով: Այդ տեսանկյունից, Լուկաշենկո, որպես սուբյեկտ, այլևս կարծես թե դադարելու է գոյություն ունենալ և նաև ընդամենը լրացնում է շատ ավելի մեծ ու խորքային քաղաքական մի վակուում, որ առաջանում է նրա տեղում: Այդ վակուումի շուրջ սկսվում է թերևս աշխարհաքաղաքական լայն շրջապտույտ, և Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը միտված է թերևս դրանից դուրս չմնալուն: Այստեղ իհարկե առաջանում է հարց, թե ինչ կարող է լինել, եթե Լուկաշենկոն չի պահում իշխանությունը, և ըստ այդմ առաջանալու է խնդիր նրան շնորհավորած պետությունների ղեկավարների և Բելառուսի նոր իշխանության միջև: Այստեղ է, որ իրավիճակն, այսպես ասած, զուտ ֆորմալ է այդ տրամաբանությամբ, իսկ խորքային առումով, ամբողջ հարցն այն է, որ նոր է սկսվում թերևս Բելառուսի իշխանությունը որոշելու իրական գործընթացը, և այդ տրամաբանությամբ Հայաստանը, ինչպես և իհարկե այլ երկրներ, դեռ նոր պետք է սկսեն Բելառուսի ապագա իշխանության հետ հարաբերության կառուցման տևական գործընթացը: Իրական քաղաքականության ռեժիմում Բելառուսում, անշուշտ, պայքար չէ ժողովրդավարության և ամբողջատիրության կամ բռնապետության միջև: Իրական քաղաքականության ռեժիմում Բելառուսի իշխանության հարցը եվրասիական ռեգիոնի տրանսֆորմացիայի հարց է, որտեղ, մեծ հավանականությամբ, Լուկաշենկոյի ձեռքով կարող են դուրս բերվել բավականին տաք շագանակներ, և չի բացառվում, որ այդ նկատառումով խաղից փորձում է դուրս մնալ նաև Հայաստանը՝ իր շագանակները կրակի մեջ չթողնելու համար:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •