Հայաստանի կառավարությունն ազդարարել է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը լինելու է վերջինը, ինչը նշանակում է, որ աշնանը Հայաստանը կլինի առանց այդ ռեժիմի:

Դա էլ իր հերթին նշանակում է, որ մի շարք սահմանափակումների շարքում կչեղարկվեն նաև քաղաքական բնույթի սահմանափակումները, կապված, օրինակ, հավաքների ազատության հետ: Թեև այստեղ, իհարկե, միարժեք հետևության համար դեռ վաղ է, քանի որ չի բացառվում այլ կարգավորումներով հավաքների ձևաչափերի սահմանափակում: Այդուհանդերձ, բոլոր դեպքերում ակնառու է, որ արտակարգ դրության ռեժիմը վերջին անգամ երկարաձգելու մասին կառավարության հայտարարությունը իր տողատակում նշանակում է «թեժ աշնան» կանխատեսումների կամ խոստումների միջոցով նետված ձեռնոցը վերցնելու պատրաստակամություն: Իսկ այդ կանխատեսումները աշխուժորեն հնչում են նախկին իշխող համակարգը ներկայացնող կամ դրան ասոցացվող քաղաքական շրջանակների, խմբերի ելույթներում, ավելի ու ավելի հաճախ: Տարբեր գործիչներ հավաստիացնում են, որ աշնանը սպասվում են բուռն զարգացումներ: Իհարկե չի ասվում, թե հատկապես ինչ հիմքով կամ առիթով: Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ակնարկում էր, որ հիմքը կարող է լինել սոցիալականը: Քոչարյանն, իհարկե, այդպիսի հիմքի սպասում էր դեռևս 2019-ի գարնանը, երբ 2018-ի աշնանն ասում էր, թե գարնանը սառնարանների դատարկությունը բացելու է մարդկանց աչքերը:

Պարզվեց, որ երկրորդ նախագահի մոտ այդքան էլ չի ստացվել ճշգրիտ կանխատեսել սառնարանների պարունակությունը 2019-ի գարնան համար: Գուցե դա էր նաև պատճառը, որ նա խուսափեց կրկնել «երեք ամսից սովի» մասին ծառուկյանական միտքը՝ ասելով, թե չունի այդպիսի պնդման հիմք: Բայց սոցիալական լարվածության մասին նա խոսեց՝ ակնարկելով, որ դա էլ կարող է բերել մարդկանց փողոց՝ կազմակերպող է պետք: Արդյո՞ք աշնանը սպասվում է «կազմակերպողների» թեժ մրցակցություն, ինչի համար էլ կառավարող մեծամասնությունը, այսպես ասած, բացում է ասպարեզը, հանում արտակարգ դրությունը, մրցակցությանը չխանգարելու համար: Կազմակերպողի հարցը իրապես առանցքային է, որովհետև կա մի քանի հավակնորդ, ինչը նշանակում է, որ անգամ պայմանավորվածության դեպքում շատ են լինելու պայմաններն ու նախապայմանները: Իսկ դա իր հերթին պետք է սրի մրցակցությունը, որովհետև որևէ մեկն իր պայմանը կամ նախապայմանը ընդունելի դարձնելու համար պետք է ցույց տա սեփական ուժն ու կարևորությունը, իսկ մյուս կողմում էլ պետք է ցույց տան, որ կարող են յոլա գնալ առանց այդ մեկի: Իսկ քանի որ կողմերը շատ են, քան երկուսը, իրավիճակը լինելու է շատ ավելի խրթին, քան կարող է թվալ առաջին հայացքից: Միևնույն ժամանակ, կառավարության ձեռքին է մնում համաճարակի լծակը, քանի որ չեղարկվել կարող է արտակարգ դրությունը, սակայն վարակի սպառնալիքն ու ռիսկը չի չեղարկվում և օբյեկտիվորեն կարող է լինել իրավիճակ թելադրող:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •