Լրագրող Սագօ Արեանը հայտնում է, որ Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 5։ Ընդհանուր զոհերի թիվը հասնում է մոտ 100-ի։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ: Oգոստոսի 5-ին այս տվյալները հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի Կարմիր Խաչի ընկերությունը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղ ունեցած պայթյունն աննախադեպ էր, թե իր ուժգնությամբ, թե հասցրած ավերածություններով: Այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով վերջին մանրամասները:

«Շատ հզոր պայթյուն էր: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում այսպիսի պայթյուն չէր որոտացել: Սրա ուժգնությունը հզոր երկրաշարժի հետ են համեմատում: Շուրջ 80 հոգի զոհվել է (խմբ. զոհերի թիվը գերազանցել է 100-ը): Շուրջ 4 հազար մարդ վիրավորվել է, որոնց մեջ հարյուրավոր հայեր կան: Այս պահին չեմ կարող ասել, թե քանիսի կյանքին է վտանգ  սպառնում: Միայն կարող եմ ասել, որ իրավիճակը ծանր է»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Նա տեղեկացրեց, որ երկրի կառավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարում: Խոսվում էր նաև Բեյրութը որպես աղետի գոտի հայտարարելու մասին: Վերջին ժամերին տարբեր երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնել  հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:

«Հայահոծ թաղամասերը զգալի նյութական վնասներ են կրել: Վնասվել են թե բնակելի տները, թե համայնքային կառույցները: «Ազդակ»-ի գրասենյակը ևս մեծ վնասներ է կրել՝ ապակիները կոտրվել են, դռները պոկվել են, գույքը, տեխնիկան վնասվել է: Մեզ մոտ տեղակայված ռադիոկայանը, կուսակցական գասենյակները, բոլորը ենթարկվել են ծանր նյութական վնասների: Երկրում շատ ծանր է իրավիճակը թե սոցիալական, թե տնտեսական առումով, առավել ևս կորոնավիրուսի պայմաններում: Հիվանդանոցները գերհագեցած են, եղել են վիրահատություններ առանց ցավազրկելու»,-ասաց Շահան Գանտահարյանը:

«Ազդակ»-ի խմբագիրը տեղեկացրեց, որ պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում: Փաստն այն է, որ նավահանգստում պահվող պայթուցիկ նյութերը պայթել են: Թե որնէ  եղել պատճառը, դեռ հայտնի չէ, հետաքննություն է լինելու:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •