ruben hayrapetyan

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականից ՌԴ քաղաքացի է: Օրերս նրա փաստաբանը հայտարարել էր, որ Հայրապետյանի նկատմամբ ՌԴ տարածքում չեղարկվել է հետախուզումը, որ քրեական գործերից մեկով հայտարարել էր Հայաստանի իրավապահ համակարգը:

Այդպիսով, Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի կառավարող համակարգի հերթական օդիոզ ներկայացուցիչն է, որ անցնում է աղմկոտ քրգործով և պատսպարվում Ռուսաստանի Դաշնությունում:

Նրանից բացի, ՌԴ քաղաքացիության հիմքով այնտեղ է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որն անցնում է մարտիմեկյան հայտնի գործով: Ռուսաստանում են իհարկե մի շարք այլ դեմքեր՝ թե՛ մարտիմեկյան, թե՛ այլ գործերով անցնող, որոնք կա՛մ պաշտպանության տակ են, կա՛մ, այսպես ասած, օդից կախված վիճակում: Այդ մասին, այդ հարցում ՌԴ պատասխանատվության մասին ասվել է շատ: Դեռ կլինեն նոր առիթներ:

Այս պարագայում հետաքրքրության արժանին այլ է՝ Հայաստանի նախկին իշխող համակարգը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից ու օլիգարխներից քանի՞սն են, որ ունեն ՌԴ քաղաքացիություն: Ե՞րբ են նրանք ստացել այդ քաղաքացիությունը, արդյոք Հայաստանում երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո՞, թե՞ առաջ: Ինչպե՞ս են ստացել: Օրինակ՝ փաստորեն ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացիություն է ունեցել մինչև Հայաստանում երկքաղաքացիության իրավունքի սահմանումը, որովհետև այդ իրավունքը Հայաստանում ներդրվել է 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունից հետո: Գուցե Հայաստանի իրավապահները կանխա՞վ սկսեն հետաքրքրվել, ուսումնասիրել, թե նախկին պաշտոնյաներից և օլիգարխներից ովքեր ունեն ՌԴ քաղաքացիություն, որպեսզի դա չպարզվի այն բանից հետո, երբ նրանք անցնում են այս կամ այն գործով, բայց արդեն միայն տեսականում, որովհետև ՌԴ անձնագրով պաշտպանված ապաստանում են Ռուսաստանում:

Միևնույն ժամանակ հանգամանքը, որ նախկին համակարգի ներկայացուցիչները իրենց համար ապահովել են ՌԴ անձնագիր, հոգեբանական ուշագրավ դետալ է, որ բնորոշում է այդ համակարգի ներկայացուցիչներին: Մի կողմից՝ ՌԴ քաղաքացիությունը նրանց համար գուցե ՌԴ-ում գործարար ծրագրեր իրականացնելու հնարավորություն էր, մյուս կողմից, սակայն, դա վկայում է այն մասին, որ այդ մարդիկ Հայաստանի և հայրենասիրության մասին պաթետիկ ճառերի խորքում ընդամենը քամել են Հայաստանից որքան կարողացել են՝ ամեն րոպե պատրաստ լինելով փախչել և պատսպարվել Ռուսաստանում:

Բարդ է գտնել որևէ այլ բացատրություն ոչ միայն և ոչ այնքան ՌԴ քաղաքացիության հանգամանքին, այլև Հայաստանում նրանց համակարգային հակաքաղաքացիական գործունեությանը, որի հետևանքը թերևս իրենք էլ շատ լավ գիտակցել են՝ հենց սկզբից փորձելով ապահովել փախուստի ճանապարհը, որը հոգու խորքում թերևս համարել են անխուսափելի հեռանկար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •