Նախորդ շաբաթ Հայաստանում հայտարարվեց բավականին հնչեղ մի ներդրումային ծրագրի մասին՝ Խելացի քաղաք, որը պետք է լինի հայ-չինական ծրագիր:

Ըստ դրա, պետք է կառուցվի բացարձակ նորարար մի քաղաք, դառնալով ինքնին նորարարության աղբյուր: Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիան, Չինաստանի տեխնիկական զարգացման ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի վերակառուցման և զարգացման գործակալությունը։

Ծրագիրը ստորագրվել էր հեռավար: Այն ենթադրում է 15 տարիների ընթացքում 15 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանում: Դա ահռելի թիվ է և ունակ է Հայաստանի տնտեսությունը զարգացնել ուղղակի թռիչքաձև: Եթե գնահատենք փոքր-ինչ կոպիտ, ապա միայն այդ ծրագիրը կարող է բավարար լինել Հայաստանի «վարդագույն ապագայի» համար: Սակայն տնտեսական էֆեկտից զատ, անշուշտ, առավել քան կարևոր է նաև քաղաքական, ռազմա-քաղաքական էֆեկտը՝ հայ-չինական հարաբերության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, սակայն, կարող է շոշափելի լինել «հակառակ էֆեկտը», եթե պարզվի, որ ծրագիրն այլ բան չէ, քան ավելի շուտ տեղեկատվական հնարք, որի ներքո իրականում չկա որևէ առարկայական պայմանավորվածություն, կամ եղածը այն աստիճան հում է և սաղմնային, որ, մեղմ ասած, խոսքը ոչ միայն չի կարող խելացի գյուղի մասշտաբում լինել, այլ անգամ խելացի խրճիթի:

Այստեղ կա շատ կարևոր նրբերանգ, որովհետև բավականին հնչեղ ծրագրի տեղեկատվական տիրաժավորումից հետո դրա անփառունակ ավարտը ոչ միայն ինքնին կպայթեցնի այդ տեղեկատվական փուչիկը, այլ կարող է պարզապես հարվածել հայ-չինական հարաբերության հանրային ընկալմանը, անլրջացնելով այն էապես: Որքան էլ ծրագրի կողմերը կապ չունեն պաշտոնական, կառավարական շրջանակների հետ, այդուհանդերձ, խոսքն այս դեպքում բավականին հնչեղ անվան մասին է՝ Չինաստան, և բավականին մեծ ներդրումային ցուցանիշների:
Օրինակ՝ երբ Հայաստանի կուսակցություններից մեկի ղեկավարը հայտարարում էր 15 միլիարդ դոլարի ներդրում բերելու մասին, Հայաստանում ավելի շատ ծիծաղում էին դրա վրա, քան ընկալում լրջորեն: Խիստ անցանկալի է, որ Հայաստանում ծիծաղի առարկա դառնան չինական ներդրումային հեռանկարները և ընդհանրապես հայ-չինական հարաբերության, երկխոսության թեման: Հետևաբար՝ այդ տիրույթում ծավալվող որևէ զարգացման տեղեկատվական տիրաժավորում պետք է լինի թերևս չափազանց պատասխանատու, և դրա հեղինակները պետք է հաշիվ տան թե՛ իրենց, թե՛ այն ընդգրկուն նշանակությանը, որ ունի Չինաստանը ներկայումս աշխարհում և որին հավակնում է նաև մեր ռեգիոնում ու Հայաստանում: Ի վերջո, ցանկացած հարաբերության արդյունավետության հիմք հանրային ընկալումն է կամ, պատկերավոր ասած՝ ռեգիոնում ու Հայաստանում Չինաստանի գլխավոր գործընկերը նախ պետք է լինի Հայաստանի հանրությունը, հետո նոր այդ հանրության մանդատն ունեցող կառավարությունը:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •