Տավուշյան լարվածության համատեքստում, հատկապես Թուրքիայի հայտնի գործողությունների և հայտարարությունների ֆոնին, Հայաստանում նորից փորձ արվեց շրջանառության մեջ դնել հայտնի մի մտայնություն, ըստ որի՝ առանց Ռուսաստանի Հայաստանը կհայտնվի Թուրքիայի բաց թիրախում և կկորցնի իր անկախությունը:

Երկար տարիներ հենց այս մտայնության վրա են կառուցված եղել հայ-ռուսական հարաբերությունները, և արդյոք սա չի բերել հարաբերությունների ներքին բարոյազրկման, արժեհամակարգի փոփոխման, և արդյունքում Հայաստանը չի դարձել է այս հարաբերությունների և մտայնության պատանդը:

Անդրադառնալով այս դիտարկմանը, բանաստեղծ, թարգմանիչ, անկախ հանրապետության առաջին մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը նշեց, որ դա քաղաքականության ամենաարդիական հարցերից մեկն է. «Ռուսաստանի մասին խոսելիս պետք է մտքում ունենանք, թե ինչպիսի պետություն է, ինչ կայսրություն է, ինչ ձգտումներ ու նկրտումներ ունի, ինչ մշակութային, հոգևոր, սոցիալական, քաղաքական նկարագիր և խնդիրներ ունի, որոնց վրա էլ կառուցում է իր քաղաքականությունը և կյանքը: Եվ երկրորդ՝ պետք է դիտարկել մեր դարավոր հարաբերությունները: Այսօրվա Ռուսաստանը շատ բարդ երկիր է…, Ժողովրդավարության առումով շատ յուրօրինակ ընկալումներ ունի… Հայ-ռուսական հարաբերությունների առումով զգոն պետք է լինենք, չպետք է ո՛չ ռուսասիրություն խաղանք, ո՛չ էլ ռուսատյացություն, որոշ դեպքերում պետք է պլստանք: Այդ վիթխարի կայսրությունը, որ գոյություն ունի, ամեն ինչ անելու է, որ վաղը մյուս օրն էլ գոյություն ունենա, Ռուսաստանը մեծ հետաքրքրություններ ունի մեր տարածաշրջանում… Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել իսլամական տարրը: Թուրքիայի հետ Ռուսաստանը միշտ ունեցել է ո՛չ բարեկամական, ո՛չ թշնամական հարաբերություններ, այլ դիվանագիտական՝ ելնելով ժամանակի խնդիրներից: Մեր կառավարությունը, մեր ժողովուրդը պետք է գտնի այն եզրերը, որտեղ Թուրքիայի, թուրանականության հետ Ռուսաստանի շփումները կհամընկնեն մեր ձգտումներին և նկրտումներին: Այսինքն՝ մենք Ռուսաստանի հետ միշտ պետք է գտնենք այն եզրերը, որտեղ ունենք երկուստեք հետաքրքրություններ և իրար պետք ենք»:

«Հայ-ռուսական հարաբերությունները փչացան հենց Քոչարյանի օրոք, երբ Հայաստանը հրամցվեց իբրև վասալ»,- ընդգծեց Հակոբ Մովսեսը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •