Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց Հայաստանում  2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս մեկ ամսով։

Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ չնայած նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, սակայն շարունակում են բարձր մնալ վարակի հետևանքով մահացության և վարակի տարածման ցուցանիշները։ Օգոստոսի 11-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40 593 դեպք, որոնցից 33 157-ն առողջացած, 803-ը՝ մահվան ելքով։

Նախարարն ասաց՝ սա արտակարգ դրության ռեժիմի հինգերորդ երկարաձգումն է, միաժամանակ, առկա են մեղմացումներ։ Նա մանրամասներ, թե որ ոլորտներին են վերաբերում մեղմացումները։

«Նախ վերացվում է ՀՀ քաղաքացինություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը։ Միաժամանակ, նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսանում է։ Սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմանով։ Մասնավորապես, անհրաժեշտ է դիմակի կրում և սոցիալական հեռավորության պահպանում։

Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե բաց, թե փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները։

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը ոչ ավելի, քան 14-օրյա ժամկետի կտրվածքով։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •