Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրած ասուլիսում պարզաբանումներ ներկայացրեց Մաշտոցի պուրակում ծառերի հատման ու կառուցապատման հարցի մասին։

«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել մեր քաղաքը ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնելու։ Ես ինքս այդպես եմ մտածում, ես ինքս գտնում եմ, որ Երևանը շատ ու շատ կանաչ պետք է լինի, քան այսօր է։ Եվ արդեն շատ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ մեկ ու կես տարում»,- ասաց նա։

Մարությանը նշեց, որ այս իրավիճակն իրենց ժառանգություն է տրվել, առկա օրենքների շրջանակներում փորձում են խնդիրները լուծել։

«Ես հիմա էլ եմ պայքարում Մաշտոցի պուրակի համար, քաղաքապետ եղած ժամանակ պայքարում եմ ամեն պուրակի համար։ Ամենակարևորը՝ մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ, և այդ հաղթանակները, ես ինչ դարձել եմ քաղաքապետ, առաջ եմ տանում ու ամրագրում եմ։ Դուք գիտեք շատ լավ, որ այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի չթողեցին, որ Տարոն Մարգարյանը թույլ տար, որ կառուցվեր։ Եվ ունեցանք Մաշտոցի պուրակը։ Բայց կա մի սրճարան, որն այնտեղ միշտ կար, որն ուներ 277 քմ իր սեփականություն՝ Կադաստրում գրանցված որպես սեփականության իրավունք։ Այսինքն՝ դա անձեռնմխելի էր, և ուներ 17 քմ սեփականություն՝ որպես տաղավար։ Եվ դա իր սեփականությունն էր ընդմիշտ, մենք ոչ մի բան չենք կարող անել դրա հետ։ Այդ նույն խնդիրը մենք ունենք նաև Օպերայում։ Բացի դրանից, 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվել է մի որոշում, որով մինչև այդ 300 և ավելի քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ վարձակալություն, այդ վարձակալության հողի մեջ մտնում է այդ 277 քմ սեփականությունը, մտնում է այդ 17 քմ սեփականությունը՝ որպես սեփական գույք այդ տարածքում։ Եվ այդ վարձակալությունը մինչև 2040 թվականի դեկտեմբերն էր»,- ասաց Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո ինքը հասցրել է արգելակել գործընթացը, որ Օպերայի տարածքում Սամվել Ալեքսանյանի հետ կապված սրճարանը պետք է գրանցվեր Կադաստրում։ «Ես հասցրել եմ ստոպ տալ այդ պրոցեսին, որոշումը չեղյալ համարել և տարածքը վերադարձնել համայնքին։ Նույնն արել եմ Մաշտոցի պուրակում, այս որոշումը չեղյալ եմ համարել։ Ասեմ ավելին, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277 քմ սեփական գույքը և 17 քմ գույքը քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը, և դրա տեղը տալիս ենք այդ նույն տարածքում, ոչ թե 1048 քմ վրա, որը ես վերացրել եմ, այլ փոքր տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալություն, ինչը նշանակում է, որ այն գույքը, որը հիմա ինքը կառուցում է, համայնքային գույք է։ Այսինքն՝ ես իմ որոշմամբ 1048 քմ-ն դարձրել եմ մոտ 300 քմ, վերացրել եմ սեփականության իրավունքը և ֆիզկապես, և թղթերով, տեղը տվել ենք այն կառուցապատման իրավունքը, որով այդ գույքը համայնքի գույքն է։ Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է իրականացնել, եթե մենք խոսում ենք օրենքներով, եթե չենք հայտարարում, որ բեզպրիդել է, և մենք բուլդոզերներով մտնում ենք և մարդկանց օրինական գրանցված գույքերը սկսում ենք քանդել։ Հենց օրենքն ինձ այդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր, որովհետև ինձ համար կարևոր է այս քաղաքի բնապահպանությունը։ Բայց քանի օրենքը ինձ դա թույլ չի տալիս, ես օրենքի շրջանակներում մաքսիմալը քաղելու եմ Երևանի համար»,- ասաց քաղաքապետը։

Հայկ Մարությանը նշեց, որ գույքագրել են, 437 ծառ Երևանում պոտենցիալ վտանգավոր, նաև մահվան ելքով վտանգ ներկայացնող են։ «Գնալով շատանում են այդ ծառերը, ես ասել եմ՝ ինձ տվեք օբյեկտիվ ու մի քանի մասնագետի գնահատական, որ մեկ մասնագետը չկարողանա լեզու գտնել ինչ-որ մեկի հետ ու շեղում ունենա»,- հավելեց նա։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •