Շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է ձևավորվում Ուկրաինայի և Բելառուսի միջև: Ուկրաինայի նախագահ Զելենսկին նախ հայտարարել էր բռնության անթույլատրելիության, ուժի կիրառման անընդունելիության մասին:

Հեղավ տեղեկություն, թե Լուկաշենկոն զանգահարել է նրան, բայց նա չի վերցրել հեռախոսը: Զելենսկին նաև անում է նոր հայտարարություն հանդուրժողության մասին: Ակնառու է, որ Ուկրաինայի նախագահը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրում հարևան Բելառուսի նախագահի գործողությունների առնչությամբ: Գործողություն, որ գործնականում ենթադրում է ուկրաինա-բելառուսական քաղաքական հարաբերության հնարավոր ճգնաժամ: Այստեղ բնականաբար առաջանում է հարց՝ արդյո՞ք Զելենսկին հանուն ժողովրդավարության արժեքների է գնում այդ քայլին: Իսկ ո՞րն է դրա իմաստը:

Հազիվ թե այդ հանգամանքը խոստանա նրան քաղաքական որևէ էական արդյունք իր համար ցավալի հարցերում:

Միաժամանակ, Զելենսկին կարող էր իհարկե չշնորհավորել Լուկաշենկոյին, բայց դրան զուգահեռ, նաև չգնալ հայտարարությունների ճանապարհով, որոնք պարունակում են ճգնաժամի էական ռիսկ: Այդպիսով, ըստ էության ստացվում է, որ Ուկրաինայի նախագահը գնում է Լուկաշենկոյի հետ ճգնաժամի: Ինչո՞ւ: Ի՞նչ հաշվարկ է դրա տակ:

Կրկնենք, հազիվ թե հնարավոր է հավատալ ժողովրդավարական արժեհամակարգի հանդեպ անմնացորդ սիրո հանգամանքին, որովհետև այդ դեպքում պետք է մտածել, որ Ուկրաինայում ուղղակի չկա իշխանություն: Ավելին, եթե արժեհամակարգը Զելենսկու համար այդքան առանցքային ու հիմնարար լիներ, ապա հազիվ թե Կիևը սերտ հարաբերություն ունենար Ալիևի հետ և Ադրբեջանին աջակցեր արցախյան հարցում անգամ ղրիմյան խնդրի առկայության պարագայում:

Ըստ այդմ, Զելենսկին գործում է պրագմատիկ քաղաքականության տրամաբանությամբ և դա էլ հենց հետաքրքիր է դարձնում այն, որ նա գնում է Լուկաշենկոյի հետ հակադրության: Արդյո՞ք նա ունի համոզում, կամ նրան որևէ մեկը համոզել է, որ Լուկաշենկոյի քաղաքական կյանքը այլևս շատ կարճ է և ճգնաժամից պետք չէ վախենալ: Թե՞ կան Բելառուսի ուղղությամբ հակառակ սպասումներ, և Կիևը ունի մտահոգություն, որ Լուկաշենկոյի իշխանությունն այդ ամենից հետո դառնալու է ռուսական մեծապետական ագրեսիվության նոր և վտանգավոր, անկանխատեսելի պլացդարմ, որը օղակելու է Ուկրաինան: Ըստ այդմ, Զելենսկին փորձում է արդեն իսկ ձևավորել արժեհամակարգային-ժողովրդավարական արգելապատնեշը, հետագայում դրա վրա ռազմա-քաղաքական պաշտպանություն կառուցելու ակնկալիքով: Այսպես, թե այնպես, անկասկած է, որ Ուկրաինայի նախագահի վարքագիծը շատ ավելի էական բաների մասին է խոսում բելառուսական ուղղությամբ զարգացումների հնարավոր ծավալման կամ հանգուցալուծման տեսանկյունից, ու՝ արևելաեվրոպական գոտում նոր ստատուս-քվոյի անխուսափելիության մասին:

Իսկ Հայաստանն, ինչպես հայտնի է, Արևելյան գործընկերության ծրագրի անդամակից պետություն է, ըստ այդմ՝ նոր ստատուս-քվոն թե՛ այսպես ասած դե յուրե, թե՛ նաև անվտանգության լայն կորի իմաստով դե ֆակտո իր ազդեցությունն է թողնելու նաև կովկասյան ռեգիոնի վրա:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •