Հանրակրթական պետական չափորոշիչը բխում է մեր ազգային շահից, այն ուժեղ պետություն ունենալու գրավականն է, և ոչ մի բան մեզ չի շեղելու այդ ճանապարհից՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներքաղաքական բավականին թեժացող վերջին զարգացումների ֆոնին Փաշինյանի այդ հայտարարությունը խոշոր հաշվով վերաբերելով կրթական չափորոշիչների աղմուկ հանած խնդրին՝ այդուհանդերձ կարող է դիտարկվել որպես ընդհանուր ներքին պրոցեսները իրենց թեժացող կետերով ներառող հայտարարություն, որոնց առնչությամբ Փաշինյանը հղում է ուժեղ լինելու կամային ազդակ:

Դա ինչ-որ իմաստով ազդակ է այն թեժ աշնանային կանխատեսումներին, որ արդեն իսկ բավականին առատորեն անում են նրա ընդդիմախոսներն ու քաղաքական հակառակորդները: Կրթական չափորոշիչների պատմությունն այստեղ իհարկե միակը չէ, և եղածներն էլ ամենևին չեն լինելու այդքանը:

Բանն այն է, որ Հայաստանի կառավարման հարցում բեկումնային փոփոխությունների համար անխուսափելի են բազմաթիվ որոշումներ, որոնք բախվելու են ոչ միայն նախկին կառավարող համակարգի, այլ նաև հենց հեղափոխության աջակից ուժերի շահերին ու պատկերացումներին: Եվ թյուր կարող է լինել տպավորությունը, թե Ամուլսարն ու Մաշտոցի պուրակն, օրինակ, այդ եզակի դեպքերն են: Դեպքերը լինելու են շատ, որովհետև չափազանց հիբրիդային են Հայաստանի կառավարման նախորդ համակարգային բնույթի հետևանքները բոլոր իմաստներով: Ըստ այդմ, այդ հետևանքների խորքային բնույթին Հայաստանի հանրությունն ու հեղափոխական շարժման արդյունքում ձևավորված իշխանությունը բախվելու են դեռ ժամանակի ընթացքում, որից ակնհայտ է դառնալու այդ ամենի հենց հիբրիդային բնույթը: Ավելին, հենց այդ բնույթն է ներկայումս առավել խորը ու ամուր հիմք այն հիբրիդային պատերազմի համար, որ մղվում է Հայաստանի քաղաքական իշխանության և թավշյա հեղափոխության դեմ ընդհանրապես:

Այդ համատեքստում ուժեղ պետությունը դառնում է իսկապես կարևոր և առանցքային հանգամանք, և ռեֆորմացիոն գործընթացների ու բարդ որոշումների քաղաքական կամքի դրսևորումը հասնում է ազգային անվտանգության մակարդակի: Դրա բացակայությունը կարող է դառնալ ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը նույնքան սպառնալիք, որքան սպառնալիք էր Հայաստանում համակարգված կոռուպցիայի առկայությունը: Համակարգային կոռուպցիան դուրս է բերվում Հայաստանի ինքնիշխանության ճանապարհից, բայց այդ ճանապարհին կարող է կանգնել նախկին կառավարող համակարգի և այդ կառավարման հետևանքների հիբրիդային բնույթի հանդեպ առերեսման որոշակի անակնկալն ու քաղաքական երկչոտությունը այն որոշումներում, որոնք պետք է հանգուցալուծեն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի ներքին մի շարք օջախներ, որոնք քողարկվում են այդ թվում՝ հեղափոխության անվան ներքո:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •