Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը՝ նախօրեին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գլխավորելով տնտեսական հակաճգնաժամային քայլերի թեմայով խորհրդակցությունը:

Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը հետաքրքիր է՝ այն իմաստով, որ այդ քայլերի ժամանակը վաղուց է կամ միշտ՝ հաշվի առնելով այն, որ, անկախ կորոնավիրուսի բերած տնտեսական ճգնաժամից, Հայաստանը մի շարք իրողությունների բերումով մշտապես կանգնած է տնտեսական վերափոխումների ինտենսիվ քաղաքականության անհրաժեշտության առաջ: Ըստ այդմ՝ այդ ժամանակը ոչ թե եկել է, այլ այն միշտ կա և պետք է մշտապես վարել ինտենսիվ տնտեսական քաղաքականություն, առավել ևս՝ մրցակցության կոշտացման գնացող աշխարհում:

Ահա այդ համատեքստում էլ վարչապետի հայտարարությունը՝ «եկել է ժամանակը», ըստ էության որոշակիորեն սահմանում է կառավարության առաջնահերթությունը աշնանային սեզոնին ընդառաջ, որը ընդդիմադիր դիրքավորում ունեցող քաղաքական ուժերը հռչակել են թեժ քաղաքական սեզոն: Փաշինյանն այդպիսով փաստացի գծագրում է իր քաղաքական «մեթոդաբանությունը»՝ ինտենսիվ տնտեսական քաղաքականություն՝ ընդդիմության, այսպես ասած, քաղաքական աշխուժությանն ի պատասխան:

Խոշոր հաշվով, եթե խոսքը լոկ հռետորաբանության մակարդակում ինտենսիվության մասին չէ, ընտրված մեթոդաբանությունը հնարավոր է գնահատել ամենառացիոնալն ու շահեկանը ոչ միայն կառավարող մեծամասնության, այլև առաջին հերթին հանրային ու պետական շահի տեսանկյունից: Ի վերջո տնտեսությունն է լինելու քաղաքականության հիմքում, տնտեսությունն է Հայաստանին տալու ինքնիշխանության առավել լայն չափաբաժին, որովհետև հնարավոր չէ ինքնիշխանությունն ու, ըստ այդմ, անկախ քաղաքականության իրագործումը անընդհատ սնուցել բանակից: Բանակը այդ իմաստով ինքնաբավ օրգանիզմ չէ, այն ինքը ունի սնուցող տնտեսության անհրաժեշտություն:

Եվ միևնույն ժամանակ կա հետհեղափոխական հիմնարար, խորքային խնդիր: Դա նոր տնտեսության կառուցումն է, որը պետք է լինի նոր քաղաքականության հիմքում: Այդ հարցի վերաբերյալ ունեցել ենք խոսելու շատ առիթներ: Հայաստանում փոխվել է քաղաքական հարաբերակցությունը, քաղաքական ստատուս-քվոն, սակայն չի փոխվել տնտեսությունը: Այստեղ միայն կապիտալի և քաղաքականության պայքար չէ, այստեղ ընդհանրապես նոր հասարակության ձևավորման խնդրի խորքային բյուրեղացման հարց է: Առանց նոր որակի տնտեսության մենք չենք կարող ունենալ դեպի նոր հանրություն ու քաղաքականություն տանող կայուն ընթացք, որովհետև քաղաքականությունն ու տնտեսությունն այդ իմաստով պետք է քայլեն համաչափ ու ներդաշնակ:

Հայաստանում թավշյա հեղափոխությամբ խախտվել է այդ համաչափությունը: Հեղափոխությունն ինքը անհրաժեշտ, կարևոր ու նշանակալի բեկում էր, սակայն համաչափությունը պետք է վերականգնել՝ իհարկե, ոչ թե քաղաքական իրավիճակը տանելով հետ, այլ ինտենսիվ առաջ բերելով տնտեսականը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •