Ilham Aliev

Ադրբեջանի նախագահ Ալիևը դժգոհել է, որ Մոսկվան հուլիսյան մարտերից հետո մոտ 400 տոննա ռազմական բեռ է մատակարարել Հայաստան:

Ալիևն այդ դժգոհությունը հայտնել է Պուտինին, ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկությունների: Նախօրեին, ինչպես հայտնի է, տեղի էր ունեցել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը՝ վերջինի նախաձեռնությամբ: Հուլիսից հետո Ադրբեջանն ինտենսիվ սկսել է դժգոհել Հայաստան ռազմական մատակարարումներից: Մի կողմից դա հասկանալի վարքագիծ է հակամարտության, չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի համար՝ ցանկալի չէ, որպեսզի հակառակորդին մատակարարեն սպառազինություն: Բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը հուլիսից հետո է սկսել այդ դժգոհությունը: Բաքուն դժգոհում է Սերբիայից, դժգոհում է Վրաստանից՝ որ տարածք են տվել, դժգոհում է Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենիայից և Իրանից է դժգոհում, որ տարանցիկ ուղի են ապահովել ռուսական սպառազինության համար: Դժգոհություն էին հայտնել Հորդանանից, որից Հայաստանը ձեռք էր բերել և արդիականացրել ՕՍԱ համալիրները: Ինչո՞ւ է իր բանակը բազմամիլիարդ սպառազինությամբ հագեցրած և իր ահռելի առավելության մասին խոսող Ադրբեջանը հուլիսից հետո հանկարծ սկսել ինտենսիվ դժգոհությունը հայկական բանակին սպառազինություն վաճառողներից: Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ Հայաստանի ռազմա-տեխնիկական ձեռքբերումները ստացել են իսկապես տպավորիչ որակ և բնույթ, ինչը դարձել է Բաքվի ինքնավստահության կորստի պատճառ: Մինչ այդ Ադրբեջանը համոզված էր, որ հայկական ձեռքբերումներն ի վիճակի չեն էական բան փոխել ռազմա-քաղաքական բալանսի առումով: Հուլիսը, սակայն, ոչ միայն էական բան փոխեց, այլ գործնականում հիմնահատակ փոխեց պատկերն այդ իմաստով, և Բաքուն սկսեց ինտենսիվ դժգոհությունը:

Դժգոհությունն ընդամենը դիվանագիտական գիծ է, սակայն հատկանշական գիծ, որ ստիպված է որդեգրել Բաքուն: Մյուս կողմից, այդ հանգամանքը, իհարկե, Հայաստանից պետք է պահանջի աչալրջություն՝ ռազմա-տեխնիկական ձեռքբերումների ուղղությամբ աշխատանքը շարունակելու և արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը ինտենսիվացնելու համար, միաժամանակ, իհարկե, շարունակելով էական քայլերը սեփական ռազմաարդյունաբերական արտադրանքի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, առանցքային հանգամանք է հենց Ռուսաստանի պահը, քանի որ Երևանն այդ իմաստով պետք է անի հնարավորը՝ թույլ չտալու համար, որպեսզի Մոսկվան Բաքվի դժգոհությունները փարատելու համար վերսկսի ինտենսիվ ռազմա-տեխնիկական գործակցությունը, ինչպիսին կար Ապրիլյան պատերազմից առաջ: Ռուսաստանից Բաքվի դժգոհության տողատակում կարող են նշմարվել շանտաժի տարրեր: Այդ իմաստով Երևանը պետք է Մոսկվային պահի պատասխանատվության տիրույթում, որովհետև Ադրբեջանին սպառազինություն մատակարարելը ծայրաստիճան անպատասխանատվություն է ռեգիոնալ անվտանգության ու կայունության հանդեպ՝ ընդհուպ քաղաքացիական մակարդակով: Հայաստանի արտգործնախարարը օրեր առաջ հստակ հայտարարել էր, որ Իսրայելը պետք է դադարի սպառազինություն վաճառել Բաքվին, քանի որ դրա թիրախ է դառնում քաղաքացիական բնակչությունը: Նույն հարցադրումը պետք է դրվի Մոսկվայի առաջ, այնտեղ ադրբեջանական լոբբի «ռազմա-տեխնիկական» հաջողություն թույլ չտալու համար:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •