Դատարանը ԱԱԾ միջնորդությամբ քննել է Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի խափանման միջոց կալանքի հայցն ու բավարարել այն: Լեւոն Սարգսյանը մեղադրվում է Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակումը պատվիրելու համար, որը տեղի է ունեցել 11 տարի առաջ:

Լեւոն Սարգսյանի պարագայում սակայն գործի մեկ այլ, իսկ գուցե առավել հետաքրքիր հանգամանք է այն, որ նրա անունը շոշափվել է նաեւ մարտիմեկյան իրադարձությունների համատեքստում: Մասնավորապես, հայտնի է, որ Փաստահավաք խմբի օլիգարխների ցուցակում կար նաեւ նրա անունը, այն օլիգարխների շարքում, որոնց թիկնազորները իրավապահների կամ բանակի համազգեստ էին ստացել եւ մասնակցել ուժային գործողությանը:

Այդ ցուցակի վերաբերյալ վերջնական հաստատումներ հայտնի չեն, դրանում առկա որեւէ անուն ներգրավված չէ որպես մեղադրյալ: Հայտնի է, որ մեղադրյալները այդ գործով չորսն են՝ Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գեւորգյան: Նրանք մեղադրվում են Սահմանադրական կարգի տապալման համար, կամ այլ կերպ ասած՝ բանակը ներքին գործընթացներին խառնելու համար: Նրանք հերքում են մեղադրանքը, այն համարում քաղաքական:

Միաժամանակ, անկախ իրավական խրթին ձեւակերպումներից կամ բանավեճից, գլխավոր հարցը, որ առկա է մարտիմեկյան իրողությունների հետ կապված՝ սպանություններն են: Ով է սպանել եւ ում հրահանգով: Եթե պատասխան չի ստանում այդ հարցը, ապա գործնականում խոսք լինել չի կարող, թե բացահայտվել է Մարտի 1-ը: Ընդ որում ոչ թե «սիլլոգիզմի» ոգով պատասխան՝ եթե ուժ է կիրառել իշխանությունը, ապա իշխանությունն էլ ուրեմն սպանել է, այլ շատ հստակ պատասխան՝ կոնկրետ սպանողներով եւ կոնկրետ սպանության հրաման տվողներով:

Որովհետեւ, քաղաքական ամբողջ պատասխանատվությամբ, ուժի կիրառման համաչափության կամ անհամաչափության համար պատասխանատվությամբ հանդերձ, առկա է մի պարզ հարց. իշխանության ինչի՞ն էր պետք զոհ լինելը: Զոհեր եղել են անփութությա՞ն հետեւանքով, թե՞ շատ հստակ դիտավորության:

Բանն այն է, որ եթե չլինեին զոհեր, մարտիմեկյան պատմությունը հայաստանյան ներքաղաքական կյանքում կունենար բացարձակապես այլ նշանակություն, այլ ազդեցություն, հետեւաբար հետմարտիմեկյան իրադարձությունները եւ ուժերի հարաբերակցությունն էլ կլինեին բոլորովին այլ կերպ:

Վերջին հաշվով, Մարտի 1-ը լոկ հանցագործություն կամ հանցագործությունների շարք չէր, այլ ողբերգություն, որի գերզգայական ազդեցությանն է ենթարկվել պետական եւ հասարակական-քաղաքական կյանքի մի ամբողջ շրջափուլ, ընդհուպ այսօր եւ թերեւս նաեւ հետագայում: Ըստ այդմ, սպանությունների բացահայտումը ոչ միայն բարոյական, իրավական, այլ նաեւ պետական կյանքի հեռանկարը գերզգայական ազդեցության դաշտից դուրս բերելու հրամայական է:

Ալրաղացի Լյովն այդ առումով կարո՞ղ է լինել էական ֆիգուր: Թե՞ բոլոր էական ֆիգուրները Ռուսաստանում են եւ նրանք չեն հանձնվում Հայաստանին առաջին հերթին հենց այդ պատճառով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •