Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց սպասվող մեղմացումները։

Ավինյանի խոսքով, մասնավորապես, անձնական ավտոմեքենաներում դիմակ դնելու պարտադիր պահանջը չեղարկվում է, բայց կպահպանվի հանրային տրանսպորտից օգտվելու դեպքում։

Դիմակ դնելը պարտադիր չի լինի նաև հանրային մի շարք վայրերում՝ բնության գրկում, անտառում, նշել է Ավինյանը։

Բացօթյա վայրերում, հակահամաճարակային որոշակի կանոնների պահպանմամբ, կթույլատրվի երգիչների և երաժիշտների գործունեությունը, Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչ վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, թույլատրվելու է երաժիշտների և երգիչների մասնակցությունը նմանատիպ բացօթյա միջոցառումներին: Այսինքն՝ փակ տարածքներում դեռ գործելու են սահմանափակումները»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ համերգների պարագայում ևս բացօթյա տարածքներում թույլատրվելու է երաժշտության ոլորտի ներկայացուցիչների գործունեությունը՝ որոշակի կանոնների պահպանմամբ: Պարետը նաև հավելեց, որ այդ որոշումները լինելու են մոտակա օրերին:

Գրադարանները, թանգարանները կվերաբացվեն, կթույլատրվի թատերահամերգային և մշակութային բացօթյա միջոցառումների անցկացումը։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին կհրապարակվեն ուղեցույցներ գրադարանների և թանգարանների վերաբացման դեպքում գործող կանոնների մասով։ «Ինչ վերաբերում է թատերահամերգային և մշակութային միջոցառումներին, ապա նախատեսվում է այս փուլում դրանց բացօթյա գործունեությունը։ Ներկայումս վերջնականացվում են նաև այս մասով կանոնները։ Այս ոլորտների սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլև այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը թերևս կօգնեն մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը»,- ասաց նա։

Ըստ Ավինյանի՝ այս փոփոխությունները կարող է ընդգրկել նաև անհատ կատարողների մասով մեղմացումները։ «Խոսքս վերաբերում է ռեստորանային և միջոցառումային ասպարեզում երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին և այլ գործիչներին, որոնց հնարավորություն կտրվի բացառապես բացօթյա հատվածներում և բացառապես կանոնների պահպանմամբ կազմակերպել գործունեություն»,- հավելեց փոխվարչապետը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •