Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձերբակալությունը:

ՀՔԾ խոստացել է ավելի ուշ մանրամասնել, թե ինչի համար է ձերբակալվել Նազարյանը: Մամուլում տարածել են տեղեկություն, թե Նազարյանին առաջարկվել է գործարք՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք քրեական գործերից մեկով, որի դիմաց կդադարեցնեն նրա հանդեպ հետապնդումը: Սակայն, ըստ տարածված տեղեկության, Նազարյանը մերժել է:

Իրականությու՞ն է մամուլի այդ վարկածը, թե ոչ, կարող է ասել միայն Նազարյանն ինքը: Բայց այն, որ Նազարյանը տեսել է եւ գիտե նախկին կառավարող համակարգի մասին շատ բան, կասկածից վեր է: Նազարյանն ինքն է 2014 թվականին մի առիթով խոստովանել, որ տեսել է ամեն ինչ: Իհարկե, խոստովանությունը գուցե փոքր ինչ այլ համատեքստում էր, բայց շատ խորհրդանշական:

2014 թվականին խորհրդարանում քննարկվում էր Հայաստանում բնական գազի գնագոյացման հարցը: Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների սուր հարցադրումների, ՀԾԿՀ նախագահ Նազարյանը հայտարարեց, թե ինքը տեսել է ամեն ինչ, պաշտոն չի ուզում, այժմ էլ «մայրամուտի մեջ է»: Ըստ ամենայնի, Ռոբերտ Նազարյանն ակնարկում էր, թե կորցնելու բան չունի: Դա էլ թերեւս առաջացրեց Հովիկ Աբրահամյանի արագ եւ տագնապալի արձագանքը՝«Ինչպե՞ս թե մայրամուտի մեջ»:

«Ներողություն, էլ չեմ ասի», անմիջապես ուղղվել էր Ռոբերտ Նազարյանը: Իհարկե, առերեւույթ կատակ երկխոսությունը խորքային առումով արտահայտում էր երկիմաստ հոգեվիճակը, որում հայտնվում էր կառավարող համակարգը 2013 թվականից սկսած, երբ Հայաստանի հանդեպ ուժգնանում էր եվրասիա-ռուսական ճնշումը, օգտագործելով հենց այն խոցելի կետերը, որ գալիս էին համակարգի բնույթից: Այդ ժամանակահատվածում թերեւս բոլորի մոտ էր ներքին համոզումը կամ սպասումը, որ Հայաստանի շուրջ կատարվողը չի անցնելու առանց պատասխանատվության, եւ ամբողջ հարցն այն է, թե ով եւ երբ է պատասխան տալու դրա համար: Դա էր նաեւ պատճառը, որ այդ փուլում առավելագույնը սրվեց Հայաստանում իշխանության համար ներհամակարգային պայքարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի համակարգային սրացման գործընթացին զուգահեռ:

ՀՔԾ-ն հերքել է տեղեկությունը, որ Ռոբերտ Նազարյանի առնչությամբ տարածվել է մամուլում, դրանք համարելով կեղծ: Իսկ Նազարյանին, ըստ պաշտոնական տեղեկության, ձերբակալել են պաշտոնեական դիրքի չարաշահման համար, որով նա ՀԾԿՀ նախագահի պաշտոնում 2011 թվականին արտոնություն է տվել ինչ որ ընկերության: Հետաքրքիր է, կա՞ արդյոք Ռոբերտ Նազարյանի «բարձի տակ» որեւէ այլ երկրի քաղաքացիություն:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •