Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրակրթության նոր չափորոշիչները կյանքի են կոչվելու, քանի որ այն արտահայտում է կառավարության ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ։

«Երեկ ինձ մոտ քննարկում է տեղի ունեցել և քննարկել ենք հանրակրթության պետական չափորոշիչը, որն արդեն իսկ շրջանառության մեջ է, այսինքն՝ վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում մենք պետք է կառավարության նիստով ընդունենք։ Քանի որ շատ լայն քննարկումներ կան, ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ։ Այս ընթացքում, իհարկե, այն կանցնի ընթացակարգերով, կարիքների հավաքագրումով, և մենք մեր այդ ռազմավարական պատկերացումը պիտի արձանագրենք։ Հաջորդ փուլում արդեն պայմանավորվեցինք, որ ինձ մոտ նաև քննարկում կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պետք է պատրաստվել առաջին փուլով ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ բաց ու լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնելը, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ յուրաքանչյուր անհատի շահերից։

«Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, և որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետության և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանբ սահմանված հայոց պետականության հավիտենական հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու։ Եվ հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևոր ու առանցքային նշանակություն։ Սա ի գիտություն»,- հայտարարեց Փաշինյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •