Serj Robert

Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցային հայտին հանրային տարբեր շրջանակների արձագանքն այն էր, թե ինչպե՞ս նա կարող է լինել ընդդիմություն, և ընդհանրապես՝ ինչպե՞ս կարող է ընդդիմություն լինել նախկին կառավարող համակարգը ներկայացնող որևէ խումբ կամ անհատ:

Դա հանրային հասկանալի արձագանք է, որովհետև ընդդիմություն լինելը պետք է նշանակի վայելել հանրության համակրանքը և հավանությունը, առնվազն այնքան, որ հնարավոր լինի հավակնել հանրային աջակցությամբ իշխանություն դառնալուն: Դա էլ իր հերթին նշանակում է, որ հասարակությունը պետք է մոռանա, թե ինչպիսի իշխանություն էր նախկին համակարգն ընդամենը երկու տարի առաջ: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի հույսը հանրության ամնեզիան է: Բայց այդ ամենն առերևույթ, որովհետև անկախ հռետորաբանությունից և առերևույթ բարձրաձայնվող մոտեցումներից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, անշուշտ, բավականին պրագմատիկ է՝ պատկերացնելու համար, որ չի կարող հավակնել հանրային այնպիսի աջակցության, որն էլ իր հերթին թույլ կտա հավակնել իշխանություն վերադարձի: Երբ երկրորդ նախագահը խոսում է ընդդիմության մասին, նա, անշուշտ, նկատի ունի առավելապես նախկին իշխող համակարգը և այն սոցիալական ռեսուրսը, որ կա այդ համակարգի ներքո: Դա հանրային իմաստով մեծ չէ, սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկա այլ ընդդիմություն, կամ ընդդիմություն, որն ունի առավել մեծ կամ լայն հանրային աջակցություն, նախկին իշխող համակարգը ստանում է ընդդիմություն լինելու սուբյեկտիվ կամ, այսպես ասած, սպեկուլյատիվ հնարավորություն, ինչպես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երկնիշ տնտեսական-շինարարական աճն էր բնորոշել այդ իսկ ժամանակ ԿԲ նախագահ, իսկ հետո արդեն վարչապետ աշխատած Տիգրան Սարգսյանը:

Այսինքն՝ աճ կար, բայց այդ աճը, ըստ էության, դատարկ էր ներսից: Նույն կերպ Ռոբերտ Քոչարյանը կարող է գլխավորել ընդդիմություն, բայց դա ընդդիմություն է այնքանով, որքանով ընդդիմության տեսանկյունից դատարկ է ներքաղաքական դաշտը: Բայց դա, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ: Դա հասարակության խնդիրն է: Ընդ որում, հենց հասարակության և ոչ թե, օրինակ, քաղաքական կառավարող մեծամասնության: Որովհետև կառավարող մեծամասնության համար պատկերը հակառակն է՝ բոլորովին խնդիր չէ, որ «արդիական» ընդդիմություն լինի Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին համակարգին ասոցացվող, կապվող, նույնացվող որևէ ուժ: Ավելին, կառավարող մեծամասնությունն առնվազն մինչ առաջիկա ընտրական ցիկլ, և հաշվի առնելով նաև հայաստանյան որոշակի «ցիկլայնություն», թերևս, նվազագույնը տասնամյակ կարող է հարմարավետ զգալ այդպիսի ընդդիմություն ունենալու պարագայում: Իհարկե, հասկանալի է, որ այստեղ գնահատականը չի կարող լինել բացարձակ և անվերապահ, քանի որ հնարավոր են ամենատարբեր արտակարգ զարգացումներ և շրջադարձեր, ու խոսքը ներկայումս իրադարձությունների, այսպես ասած, օրինաչափ և կայուն զարգացման պարագայի մասին է:

Ըստ այդմ, եթե իրերի, քաղաքական ուժերի այդպիսի դրությունը չի գոհացնում հանրությանը, ապա հանրությունն ինքը պետք է խորհի իր ընդդիմության մասին կամ, այսպես ասած, լեգիտիմ ընդդիմության մասին: Հասկանալի է, որ հանրություն ասվածը տվյալ պարագայում մարդիկ չեն, որոնք իրենց հանապազօրյա հացն են փորձում վաստակել ամենօրյա աշխատանքով: Նրանք չէ, որ պետք է իրենց գործը թողնեն և երկրում ընդդիմություն «նկարեն»: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է այն խմբերին, որոնք աշխույժ են հանրային դաշտում, կամ ունեն հանրային, տնտեսական էլիտայի հավակնություն, որոնց առաջնային պետք է հուզի երկրում քաղաքական համակարգի կայուն զարգացման խնդիրը: Նրանք են, որ պետք է նախանձախնդիր լինեն այն քաղաքական միջավայրի ձևավորման հարցում, որում ուզում են ապրել ու գործել ռազմավարական հեռանկարում: Առանց դրա քաղաքականությունը նման է մեկ շարժիչով թռչող օդանավի, որը սկզբունքորեն չի ընկնի, սակայն թռիչքը անխուսափելիորեն վթարային է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •