ruben hayrapetyan

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիությամբ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր ոստիկանության տված տեղեկանքի հիման վրա:

Այլ կերպ ասած, օտար երկրի քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ԱԺ պատգամավոր է դարձել, գրանցվել որպես թեկնածու, հետո մանդատ ստացել, քանի որ ՀՀ ոստիկանությունը տեղեկանք է տվել, որ նա ՀՀ քաղաքացի է և միայն ՀՀ քաղաքացի:

Ոստիկանությունը չգիտե՞ր, որ Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է: Որևէ մեկը գիտե՞ր, թե՞ ոչ: Որևէ մեկը գիտե՞ր, որ Միքայել Հարությունյանը, որը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվում, այլ երկրի քաղաքացի է: Ու բացարձակապես կապ չունի, թե որ երկրի, թեև բուն խորքային իմաստով, իհարկե, անկասկած նշանակալի է, որ խոսքը ՌԴ քաղաքացի լինելու մասին է, հաշվի առնելով Հայաստանի խորհրդային անցյալն ու ԽՍՀՄ փլուզումից հետո դե յուրե անկախությունից իրական անկախության անցնելու ռազմավարական հրամայականը:

Կա իսրայելցի գործակալ-լրտեսի հայտնի պատմությունը, որը Սիրիայի կառավարական հիերարխիայում հասել էր բավականին բարձր պաշտոնի և հավակնում էր նշանակվել անգամ պաշտպանության նախարար: Նա, այսպես ասած, բացահայտվել է պատահականության բերումով: Էլի Կոենը Կամիլ Ամին Տաաբետ անվան ներքո 1960-ականների սկզբին Սիրիայում կարողացել էր վայելել տեղի ռազմական և քաղաքական էլիտայի վստահությունը, ներգրավվել քաղաքական կյանքում և անգամ հավակնել Սիրիայի նախագահի պաշտոնի՝ ձերբակալվելու պահին լինելով երրորդը թեկնածուների շարքում: Նրա լրտեսական գործունեությունը բացահայտվել էր, ըստ էության, ինչ-որ իմաստով պատահաբար: Ամենևին հավակնություն չկա, անշուշտ, համեմատել Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին պատմության մեջ մտած գործիչների հետ, բայց հարց է առաջանում՝ ընդհանրապես, Հայաստանի պետական կառավարման համակարգում անցնող մոտ երեսուն տարիների ընթացքում ովքեր և ինչ սկզբունքով են ներթափանցել, և ովքեր և ինչ սկզբունքով են Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ ԽՍՀՄ փլուզումից հետ:

Նրանք, բացի իրենց օտարերկրյա անձնագրերից, էլ ի՞նչ են թաքցրել, ներկայացել են իրե՞նց անուն ազգանուններով, իրե՞նց դեմքով, կենսագրությամբ, թե՞ ոչ:

Հերթական դեպքը վերստին սրում է Հայաստանում լյուստրացիայի անհրաժեշտությունը, որպես պետական ինքնիշխանության վերականգնման ճանապարհ: Մյուս կողմից, լյուստրացիան, իհարկե, ինքնիշխանության արդյունք, դրսևորում է, ոչ թե միջոց կամ ճանապարհ: Լյուստրացիայի ունակ է ինքնիշխան պետությունը, և մյուս կողմից, եթե պետությունն ինքնիշխան է, լյուստրացիայի սուր անհրաժեշտությունն էլ վերանում է ինքնին: Այստեղ, անշուշտ, բավականին բարդ ու փակ շրջան է, որտեղ չկա մեկ և հեշտ լուծում: Միևնույն ժամանակ, հերթական դեպքը լյուստրացիա է, այսպես ասած, ոչ ֆորմալ իմաստով, այն ուժերի համար, որոնք 2018-ին Հայաստանում զրկվելով իշխանությունից, ներկայումս առավոտից երեկո խոսում են պետության կործանման մասին: Օտար երկրի քաղաքացուն ոստիկանության տեղեկանքով ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակ տվածն է նրանց պատկերացրած պետությունը: Լավ է, որ այդպիսի պետություն այլևս չլինի, և Հայաստանում պատգամավոր ու պաշտոնյա դառնան մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքացի են, և որոնց համար Հայաստանն է թե՛ անցյալ, թե՛ ներկա, թե՛ ապագա:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •