Paytyun

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած սարսափելի պայթյունը ցնցել է աշխարհը: Պայթյունին զոհ է գնացել ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ մեր վեց հայրենակից, առնվազն այս պահի դրության տվյալով:

Պայթյունին զոհ է գնացել նաև դե ֆակտո մի ամբողջ պետություն, եթե հաշվի առնենք այն տնտեսական ծանրագույն կացությունն ու ներքաղաքական բարդությունները, որում գտնվում էր Լիբանանը, և այն ահռելի վնասը, որն անկասկած հաշվվելու է թե՛ մարդկային կորստի ցավով, թե՛ միլիարդավոր դոլարներով, թե՛ ահռելի հետևանքներով, այդ թվում նաև՝ բնապահպանական և առողջապահական:

Բանն այն է, որ պայթել է մոտ 300 տոննա ամոնիակային սելիտրա, ինչը, բացի իր ավերիչ ուժից, ունի նաև թունային արտանետման վտանգ, ինչն արդեն արձանագրում են առողջապահական կառույցները: Լիբանանի կառավարությունը դիմել է աշխարհի երկրներին օգնության համար: Մեծ հաշվով ավերված է մայրաքաղաք Բեյրութի ամբողջ նավահանգստային ենթակառուցվածքը, որը Լիբանանի համար կենսական նշանակության ենթակառուցվածքներից էր:
Հայաստանի ղեկավարությունն ու տարբեր կառույցներ ցավակցել են Լիբանանի ղեկավարությանն ու ժողովրդին՝ սգակցելով բարեկամ երկրին ու ժողովրդին և հայտնելով օգնության պատրաստակամության մասին: Անկասկած է, որ Հայաստանի օգնությունը կարող է լինել լիբանանյան կորստի համեմատ խորհրդանշական, սակայն տվյալ պարագայում անշուշտ վերաբերմունքը շատ ավելի կարևոր է, առավել ևս՝ վստահ ենք, որ Լիբանանը չի մնա մենակ:

Միաժամանակ, Հայաստանի օգնության հարցը առավել նշանակալի է Լիբանանում ապրող մեր տասնյակ հազար հայրենակիցների համար, որոնց մի մասը թերևս կունենա նաև Հայաստան գալու ցանկություն: Առավել ևս, երբ մինչ այդ էլ ներքին տնտեսաքաղաքական ճգնաժամը արդեն իսկ դարձել էր տասնյակ լիբանանահայ ընտանիքների համար հայրենիք տեղափոխվելու պատճառ: Դա իր հերթին անշուշտ մարտահրավեր է նաև Հայաստանի համար՝ օգնել Լիբանանում մնացող մեր հայրենակիցներին և միաժամանակ ընդունել Հայաստանում ապաստանել ցանկացող մեր հայրենակիցներին: Սակայն դա մեր պետական պարտքն է, մեր համազգային պարտքը՝ պարտք թե՛ բարեկամ երկրի ու ժողովրդի, թե՛ նաև մեր հայրենակիցների հանդեպ:

Աղետը նաև անկասկած ձևավորելու է նոր քաղաքական իրավիճակ ռեգիոնում, որտեղ Լիբանանը առանցքային երկրներից մեկն է, եթե իհարկե մերձավորարևելյան ռեգիոնում կա քաղաքական իմաստով ոչ առանցքային երկիր: Պայթյունի հետևանքը ըստ էության այնպիսին է, որ դե ֆակտո կարող է խոսք գնալ Լիբանանում նոր պետության կառուցման գործընթացի անհրաժեշտության և մեկնակետի մասին, ինչը, հնարավոր է, առավել կթեժացնի քաղաքական ուժային կենտրոնների պայքարը Լիբանանում ազդեցության համար, որն առանց այդ էլ կրում էր թեժ բնույթ:

Եվ այստեղ Հայաստանի համար իր հերթին մեկ այլ՝ արդեն քաղաքական և ռազմաքաղաքական մարտահրավեր է՝ չկորցնել Լիբանանի հետ ավանդական քաղաքական սերտ հարաբերությունները, բարեկամական կապերը և դրանցից բխող քաղաքական հնարավորությունները:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •