2020 թվականի  հուլիսի 28-ին, ժամը 15-ն անց 10-ին Կոտայքի մարզի բնակչից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի խնձորի այգիների մոտ դի կա:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Նոր Գեղի-Եղվարդ  ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ ավտոճանապարհից դեպի խնձորի այգիներ, դաշտամիջյան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող խողովակի միջից  հայտնաբերել է անհայտ տղամարդու դիակ՝ քայքայված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ… գլուխը բացակայում է:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել էին նմուշներ՝ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու համար:

Ձեռնարկվել էին միջոցառումներ՝ մահացած տղամարդու ինքնությունը, մահվան պատճառը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի և Չարենցավանի բաժինների և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ  քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի հետ, պարզել են գլխատված դիակի ինքնությունը։

Պարզվել է, որ հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին էր դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ.-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ.-ն, 1 օր առաջ տանից դուրս է եկել՝ անտառ գնալու նպատակով, և չի վերադարձել։

Նույն օրը մի քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժնում, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում՝ ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել են տղամարդու հանգուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։

Այդ վայր է ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, հրավիրել են Վարդիթեր Գ-ին։ Վերջինս  հայտնել է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։

Նույն օրը սկսվել են որոնողական աշխատանքներ՝  անհետ կորած Վազգեն Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Գլխատված դիակի հայտնաբերումից հետո նշանակվել էին մի շարք փորձաքննություններ: Դիակի ճանաչման նպատակով դիահերձարան էր հրավիրվել Վարդիթեր Գ.-ն: Նա  ճանաչել  է ամուսնուն։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •