Նախօրեին Հայաստանի նախագահի և վարչապետի աշխատանքային հանդիպմանը քննարկվել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը համավարակի դեմ պայքարի պայմաններում, խնդիրներն ու անելիքները:

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել կառավարության աշխատանքին ոչ միայն Սահմանադրությամբ լիազորված շրջանակում, այլ նաև աջակցել իր անձնական կապերի, փորձի և այլ հնարավորությամբ: Դա հատկանշական դիտարկում է, որով Արմեն Սարգսյանը, թերևս, փորձում է ակնարկել աջակցության պատրաստակամության հարցում քաղաքական հավակնության բացակայությունը, ինչի վերաբերյալ մտորումները հնարավոր է լատենտ լարվածության աղբյուր են վարչապետ-նախագահ փոխհարաբերությունում: Աշխատանքային հանդիպման պաշտոնական հաղորդագրության տողատակում նկատելի էր, որ Արմեն Սարգսյանը փորձում է նրբորեն ակնարկել, որ պետք չէ իր աջակցության պատրաստակամության տակ դիտարկել հնարավոր քաղաքական մրցակցայնության հեռանկար: «Բոլոր ուղղություններով Հանրապետության նախագահը և նախագահի ինստիտուտը, նախագահի բարեկամները պատրաստ են աջակցել կառավարությանը, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները», հայտարարել է Արմեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանի հետ զրույցում:

Մեծ հաշվով, Արմեն Սարգսյանը խոսում է միջազգային քաղաքական անցուդարձում անձնական կապերի կարևորության մասին, որոնք կարող են առաջնային պլան գալ մի իրավիճակում, երբ փլուզվել է գոյություն ունեցած աշխարհակարգը և ակնհայտորեն ընթանում է նոր աշխարհակարգի շինարարություն, որը, սակայն, դեռևս «նախագծահաշվարկային» փուլում է: Այլ կերպ ասած, համաշխարհային միջավայրում ակնհայտորեն առաջանում է ինստիտուտների փլուզվածության, ոչ էֆեկտիվության, կաթվածահար լինելու հանգամանքը: Դրա վառ վկայությունը, օրինակ, նույն համավարակի պայմաններում Առողջապահության համաշխարհային կազմակերպության շուրջ ստեղծված վիճակն է, երբ գերտերություն ԱՄՆ-ն գործնականում խզել է հարաբերությունն այդ կազմակերպության հետ, այն հայտարարելով քաղաքական շահերի սպասարկու: Այդպիսով, համաշխարհային միջավայրում, միջազգային հարաբերություններում, տնտեսական և քաղաքական գործընթացներում ինստիտուտների ճգնաժամի ֆոնին էական նշանակություն են ստանում միջանձնային հարաբերություններն ու կապերը:

Այդ առումով, Հայաստանի նոր կառավարությունը և մասնավորապես վարչապետ Փաշինյանը օբյեկտիվորեն գտնվում են ոչ այնքան ամուր դիրքերում, ինչը պայմանավորված է մի կողմից իշխանության կարգավիճակի համեմատաբար կարճ ժամանակով, որի ընթացքում, իհարկե, ձևավորվել են անձնական կապեր տարբեր առաջնորդների և շրջանակների հետ, սակայն ոչ մեծ դիապազոնով, և մյուս կողմից մինչիշխանական կարգավիճակով՝ Հայաստանի ընդդիմություններն այդ իմաստով լինում են հիմնականում Հայաստանի շրջանակով պարփակված, արտաքին դերակատարների հետ ունենալով հիմնականում արարողակարգային շփումներ: Ի դեպ, սա հայաստանյան ընդդիմադիր դաշտի առանցքային խնդիրներից է, որը շատ կարևոր է իշխանության հավակնորդ որևէ ուժի համար: Կընդունի՞ վարչապետը Արմեն Սարգսյանի առաջարկը անձնական ռեսուրսի աջակցության առումով, թե՞ կվերաբերի դրան քաղաքական խանդով: Միևնույն ժամանակ, իհարկե, կարևոր է, թե այդուհանդերձ ի՞նչ քաղաքական պայմաններ են լինելու այդ առաջարկների կամ աջակցության թիկունքին արդեն նախագահի բարեկամներից:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •