Vova Gasparyan

Վովա Գասպարյանը հայտնվել է աղմկոտ պատմության կենտրոնում, քանի որ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների, սպառնացել, խոչընդոտել է նրանց, երբ փորձել են նկարել Սևանի ափին գտնվող նրա ամառանոցը: Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողների աշխատանքին խոչընդոտելու համար:

Հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանն, այսպես ասած, պաշտպանվում է նախկին համակարգի համար ավանդական դարձած մարտավարությամբ՝ հեղափոխությունից հետո «ապազգային» ուժերը քանդում են պետությունը, և իրենք կանգնում են պետության պաշտպանության համար, ըստ այդմ՝ ով իրենց ձեռք է տալիս կամ հարց ունի, ուրեմն պետության դեմ է, «ապազգային» է:

Եվ Վովա Գասպարյանն այդ գործում մենակ չէ իհարկե, մեկն է, ոչ մենակ: Անգամ Սևանի ափին ամառանոցի հարցում նա մենակ չէ: Ամառանոց ունեն ներկայումս Ռուսաստանում «ազգային» դիրքով պատսպարված, փաստորեն Հայաստանի Ազգային ժողովում ՌԴ անձնագրով դեպուտատ եղած Ռուբեն Հայրապետյանը, ոչ պակաս ազգային դիրքերից ներկայացող Գագիկ Ծառուկյանը, այլ նախկին պաշտոնյաներ, որոնք իրենց թանկարժեք ամառանոցները կառուցել են Հայաստանի համար գերթանկ նշանակություն ունեցող լճի ափին, որի ափը հանրային հասանելիության ենթակա ռեսուրս է, որը հասանելի պետք է լինի բոլորին, որի ափերը պետք է պաշտպանված լինեն այնպիսի կառուցապատումներից, որոնք սպառնում են լճի բնական կենսագործունեությանը:

Սակայն «ազգայինն» ըստ երևույթին ազգային, պետական հարստություն Սևանի ափը բազմամիլիոնանոց դղյակներով բետոնապատելն էր: Այ դա թերևս արվում էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով: Որքան հարուստ էր պետությունը Սևանի ափը պարուրած բազմամիլիոնանոց դղյակներով, այդքան թերևս պաշտպանված էր պետությունը: Ոչինչ, որ պետական սահմանը խրամատում պաշտպանող զինվորն ու սպան չունեին այդ պաշտպանության համար անհրաժեշտ ժամանակակից տեսադիտարկման, գիշերային տեսանելիության սարքեր, չունեին դիրքերում ջուր, չունեին կապ, և ապրիլյան քառօրյա պատերազմ, մի քանի կորսված դիրք և 100 զոհ էր պետք՝ այդ ամենը ունենալու համար:

Ախր, այդ ամենի առկայության, այդ ամենն ապահովելու ունակ պետություն ունենալու համար Երևանում պատասխանատու «պոլիտբյուրոյի» մարդիկ հակառակորդին սպասում էին ոչ թե առաջնագծից, այլ Սևանի խորքից: Դրա համար էին դղյակապատել Սևանը, որպեսզի թշնամին չկարողանար դուրս գալ ջրից և հենց դուրս գար, հայտնվեր դղյակային թակարդում: Սևանի ափը բետոնապատելով՝ այդ մարդիկ Երևանն են պաշտպանել, ոչ թե կառուցել սեփական բարեկեցությունն ու վայելքը: Չհավատացողը «ապազգային» է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •