TAXI

Ռուսաստանի Դաշնությունում հայկական պետհամարանիշով մեքենաների սեփականատերերի համար Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ:

Մասնավորապես, այդ մեքենաները փողոցներից ու անգամ շենքերի բակերից տարվում են տուգանային հրապարակ, եթե տվյալ մեքենան վարող անձը չի ունենում թույլտվություն: Խոսքը, ըստ որոշ տեղեկությունների, ժամանակավոր ներմուծման հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է: Ընդ որում, վարորդներից ոչ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի այսուհետ անհրաժեշտության մասին:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նշեց, որ այսպիսով Ռուսաստանի Դաշնության իշխանությունները փորձում են վերահսկողության տակ պահել այլ երկրի պետհամարանիշով մեքենաների երթևեկությունը Ռուսաստանի տարածքում:

«Սա պայմանավորված է նրանով, որ հատկապես վերջին տարիներին բավականաչափ մեծ թվով հայկական պետհամարանիշով մեքենաներ են արտահանվել ԵԱՏՄ երկրներ, հատկապես` Ռուսաստան, ինչը ճանապարհային երթևեկության տեսանկյունից բավականին խնդրահարույց է, այսինքն` ճանապարահային երթևեկության կանոնների խախտման դեպքում այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին ՌԴ ՃՈ աշխատակիցները երբ ակտավորում են, ապա այդ տուգանքը չվճարելու դեպքում` օրինազանց վարորդների նկատմամբ վարչական հետևանք չի առաջանում, մինչդեռ մեզ մոտ այս մասով վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քան այնտեղ: Սա ինչ-որ տեղ նաև անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և օրինախախտ վարորդներն այսպես ասած` արխային են ընկնում, որ միևնույնն է` չեն պատժվելու»,- շեշտեց Սերգեյ Ղահրամանյանն ու միևնույն ժամանակ ասաց նաև, որ, հավանաբար, սա է պատճառը, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին պարտադրել, որպեսզի դրանք հաշվառվեն որպես ռուսական տրանսպորտային միջոց:

«Իսկ դրա համար վարորդները պետք է հայաստանյան հաշվառումից հանեն իրենց մեքենան ու այնտեղ գրանցեն, թեկուզ այնքան ժամանակով, որքան այնտեղ են գտնվելու: Առաջին հայացքից թվում է, թե շատ պարզ ու հասկանալի գործընթաց է, սակայն, որպես ԵԱՏՄ մեկ միասնական կառույց, իմ կարծիքով` նրանց այս ցանկությունն այդքան էլ անկեղծ չէ, քանի որ այս կառույցի անդամ պետության վարորդների համար ահա այսպիսի խոչընդոտներ են ստեղծվում, ինչը իր հերթին խոսում է տվյալ կառույցի ոչ այդքան վստահելի ու ոչ այդքան հաստատուն լինելու մասին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքերով` այն հանգամանքը, որ ՌԴ ոստիկանությունը չի կարողանում պատշաճ վերահսկողություն սահմանել կամ իրավական այնպիսի մեխանիզմներ մշակել, որով հնարավորություն կունենա հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին, դա դեռ հիմք չէ նման սահմանափակումներ մտցնելու կամ նման խնդիրներ ստեղծելու համար:

«Նրանք այսկերպ փորձում են իրենց աշխատանքը չծանրաբեռնելու ամենահեշտ ճանապարհով գնալ, մինչդեռ կրկնում եմ, որ սա չի բխում ԵԱՏՄ փիլիսոփայությունից և միասնական տնտեսական գործունեությունից»,- ընդգծեց Սերգեյ Ղահրամանյանն ու այս համատեքստում հավելեց. «Այսուհանդերձ, իմ տպավորությամբ, այստեղ միտումը կանոններն ու օրենքը չարամտորեն խախտող վարորդներին պատժելն է, սակայն մյուս կողմից` դրա տակ են ընկնում նաև մյուս բարեխիղճ վարորդները»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •