ruben hayrapetyan

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ՌԴ քաղաքացիության հանգամանքը, որ փաստորեն եղել է այն ժամանակ, երբ Հայրապետյանը Հայաստանում եղել է ԱԺ պատգամավոր, խոսում է Հայաստանում առկա վտանգավոր մի երևույթի՝ այսպես ասած, խորքային պետության առկայության մասին:

Սրա մասին Հայաստանում խոսվել է շատ, առավելապես կոռուպցիոն բուրգի կամ համակարգի խնդրի համատեքստում: Սակայն ՌԴ քաղաքացիության հանգամանքը այդ երևույթի ևս մեկ, գուցե առավել խորքային շերտ է, որ ունի արդեն հերթական, ոչ թե բացառիկ դրսևորում՝ 2019-ին էլ պարզվեց, որ ՌԴ քաղաքացի է եղել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որն անցնում է մարտիմեկյան գործով, բայց այսօր ապահով է Ռուսաստանում:

Հնարավոր է թերևս ասել վստահաբար, որ Հայաստանի կառավարող համակարգի տարբեր առանցքային դերակատարներ ու պաշտոնյաներ ունեցել են «անցաթուղթը», այսինքն՝ ՌԴ քաղաքացիություն, որը նրանց համար եղել է անպատժելիության գերագույն կատեգորիան: Իշխանությունը Հայաստանում բավարար չէր այդպիսին համարվելու համար, որովհետև այդ իշխանությունը Հայաստանում գերագույն ատյանը չէր, չէր կարող տալ անպատժելիության սուվերեն երաշխիք:

Սա է պատճառը, որ հարկ ենք համարում Հայաստանում իրականացնել զննություն՝ պարզելու համար, թե էլ ովքեր են, որ ունեն ՌԴ քաղաքացիություն նախկին իշխած համակարգի առանցքային դերակատարների շրջանակից, որպեսզի Հայաստանում պարզ լինի, այսպես ասած, խորքային պետության շրջանակը, որը եղել է անպատժելիության դե ֆակտո «գերագույն երաշխիքը»:

Խոսքը յուրօրինակ, ոչ դասական լյուստրացիայի մասին է, որի արդյունքում ընդամենը պետք է պարզվի, թե Հայաստանը կառավարող համակարգում այս կամ այն առանցքային կետում եղած որևէ անձնավորություն տվյալ պահին ի հեճուկս օրենքի ունեցե՞լ է երրորդ երկրի քաղաքացիություն, թե՞ ոչ: Դա կարևոր է՝ հասկանալու համար, եթե ոչ բացարձակ ճշգրտությամբ և հստակությամբ, ապա մոտավորապես, թե կա՞ արդյոք խորքային պետության այդ շերտն այժմ, և ինչ սահմաններում ու շրջանակում է այն գործում Հայաստանի Հանրապետության դեմ: Այդ պարագայում առավել հասկանալի կդառնան նաև Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող, այսպես ասած, ներքաղաքական բազմաթիվ գործընթացներ՝ իրենց խորքային էությամբ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •