Հանրապետական կուսակցությունը բավականին գովական արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Անկասկած է, որ անգամ հարցազրույցի ընթացքում քար լռության պարագայում էլ ՀՀԿ արձագանքը լինելու էր գովական:

Եվ անգամ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ընթացքում սուր քննադատեր ՀՀԿ-ին՝ իսկ դրա նուրբ տարրեր, ի միջի այլոց, հարցազրույցում կային, ապա ՀՀԿ-ն դարձյալ արձագանքելու էր գովական: Բանն այն է, որ իշխանությունից դուրս կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանի դեմ ՀՀԿ զենքը գովաբանությունն է, անսպառ, անզուսպ գովաբանությունը: Ի տարբերություն այն շրջանի, երբ ՀՀԿ-ն իշխող մեծամասնություն էր: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին հաջորդում էին ՀՀԿ տարբեր կալիբրի գործիչների կսմիթները: Ընդ որում նկատելի էր, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ամեն կերպ փորձում բանավեճի հրավիրել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս նրան պատասխանում էր շատ ավելի ցածր կալիբրի ՀՀԿ գործիչներով:

Բանն այն է, որ իշխանության եղած ժամանակ ՀՀԿ-ին պետք էր ցույց տալ այդ ինքնավստահությունն ու անկաշկանդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որովհետև, հակառակ դեպքում, կառավարող համակարգում կարող էին առաջանալ կասկածներ Սերժ Սարգսյանի «դրության կառավարման» կարողության հանդեպ: Այժմ ՀՀԿ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կասկածներ սնուցելն է, ինչի միջոցը անզուսպ գովաբանությունն է, որն էլ տեղի ունեցավ նրա հարցազրույցից հետո: Երկրորդ նախագահն ինքը չի կարող խուսափել դրանից: Ի վերջո, հնարավոր չէ հայտարարել, թե մերժում է ՀՀԿ-ի՝ իր հասցեին գովքը, հնարավոր չէ կոչ անել ՀՀԿ-ին այլևս չգովել իրեն: Այդպիսով, Հանրապետական կուսակցությունը որդեգրել է Ռոբերտ Քոչարյանին հետապնդելու ուրույն մեթոդաբանություն՝ գովաբանությունը, որը Քոչարյանի համար, անկասկած, դիսկոմֆորտ է, ինչի վկայությունն այն է, որ հետհեղափոխական երկու տարիների ընթացքում նա բավականին ընդգծված ձևով փորձել է խուսանավել ՀՀԿ հետ որևէ ասոցացում առաջացնող քայլերից: Դրա պատճառը բավականին պարզ է՝ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հաջողության գրավական տեսնում է նաև դա՝ ՀՀԿ հետ որևէ կերպ չասոցացվելը, ինչը, սակայն, նրան առայժմ թույլ չեն տալիս:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •