Ուժեղ ընդդիմությունն ամենից անհրաժեշտ է հենց իշխանությանը, օրերս իր հարցազրույցում ասում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ իմաստով նա իհարկե սխալ չի ասում՝ Հայաստանի իշխանությանն իսկապես անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն:

Բայց Ռոբերտ Քոչարյանը չմանրամասնեց, թե ինչպիսին է ուժեղ ընդդիմության մասին իր պատկերացումը: Դատելով այն իրողությունից, թե ինչպիսին էր ընդդիմության հետ նրա հարաբերությունը նախագահության շրջանում, Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ բարձրաձայնում է տեսական ճշմարտություն, սակայն չունի պատկերացում:

Այլապես Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ուժեղ ընդդիմություն ձեւավորելու համար կդրսեւորեր բոլորովին այլ վարքագիծ, քան այն, ինչ անում է այժմ կամ հեղափոխությունից հետո ընդհանրապես:

Նա Հայաստանում ձեւավորում է Ռուսաստանի համար ուժեղ ընդդիմություն, ինչպես մեկ անգամ արել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, ոչիշխանական հայտնի բեւեռի միջոցով: Ի դեպ, այդ գործում նրա գործընկերը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էր: Այդ փուլում Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները քար լռություն էին պահպանում Ռոբերտ Քոչարյանի մասին: Ավելին, Տեր-Պետրոսյանի զինակիցները Ռոբերտ Քոչարյանի զինակիցների հետ քննարկում էին «ոչ հակառուսականության գծի» մեջ գտնվելու հարցեր: Այն դեպքում, երբ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ Հայաստանում պետք էր հակառակ գծի վրա գտնվող ընդդիմություն, որը Սերժ Սարգսյանին թույլ կտար ավելի համարձակ խոսել Ռուսաստանի հետ եւ կանխարգելել ապրիլյան ադրբեջանական ագրեսիան, որի հասունացման առանցքային գեներատորներից մեկը հենց ռուսական ռեգիոնալ քաղաքականությունն էր:

Բայց ոչիշխանական բեւեռն ակնկալում էր Սերժ Սարգսյանի տապալում, Ռուսաստանին հավաստիացնելով, որ կլինի Հայաստանում ռուսական քաղաքականության լեգիտիմ կրող եւ իրացնող: Ռուսաստանն անշուշտ չուներ այդօրինակ խայծեր կուլ տալու միամտությունը, որովհետեւ Մոսկվան խաղում էր բնականաբար ավելի լայն հորիզոնով եւ ընդգրկումով, քան կարող էին իրավիճակը գնահատել Հայաստանում ընդդիմություն խաղացողները:

2015-ին Սերժ Սարգսյանին թույլ տվեցին ցրել այդ բեւեռը, որովհետեւ այն իր դերը խաղացել էր, Հայաստանը ամենաամոթալի տարբերակով բռնակցվել էր Եվրասիական միությանը: Մնացյալն արդեն պետք էր անել Հայաստանից դուրս: Այդ ամենի հետեւանքը չեզոքացրեց եւ աղետը կանխեց հայկական բանակը 2016 թվականի ապրիլին:

2020 թվականի հուլիսին հայկական բանակը հասցրել է կանխարգելիչ հարված: Այդ հարվածը գործնականում խառնել է թե ռեգիոնալ, թե այսպես ասած ներքաղաքական խաղաքարտերը: Պարզվել է, որ «հող հանձնելու» վրա կառուցված ընդդիմադիր «փիլիսոփայությունը» քանդվում է, թղթե կամ ավազե տնակ էր: Այդ իրավիճակում ուժեղ ընդդիմությունից պահանջվում էր ընդամենը հայտարարել, որ անկախ ներքին տարաձայնություններից, Հայաստանի իշխանության կողքին են արտաքին որեւէ ագրեսիայի պարագայում:

Դրա փոխարեն սակայն որդեգրվեց ռազմա-քաղաքական հարվածի ֆոնին քաղաքական ղեկավարության ու բանակի հրամկազմի միջեւ բաժանարար գիծ դնելու մեթոդաբանությունը, փորձելով թուլացնել հաղթանակը ներսից:

Ռոբերտ Քոչարյանն ի վիճակի չէ լինել ուժեղ ընդդիմություն, որովհետեւ նա չգիտե, թե ինչ բան է դա: Նա կարող է լինել Հայաստանի երբեւէ ամենաթույլ ընդդիմությունը: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում որեւէ իշխանության համար խնդիրները սկսել են խորանալ միայն հենց թույլ ընդդիմության պարագայում: Թույլ ոչ այն իմաստով, որ տվյալ ընդդիմությունն ի զորու չէր գալ իշխանության: Հայաստանում ընդդիմության ուժն ու թուլությունն անցնում են ինքնիշխանության հավատամքի գծով: Առայժմ սակայն, գիծը «ոչ հակառուսականությունն» է, որն անգամ Ռուսաստանի համար արդեն դառնում է ծիծաղելի եւ ձանձրալի, այնքան, որ այդ գծի «հրամանատար» են կարգել առավելագույնը Մարգարիտա Սիմոնյանին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •