Serj Sargsyan

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

«Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ: Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:

Ս. թ․ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր երկրում անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, անհնարին դարձրեց նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվեց կարճ տեսանյութերի ձևաչափը։

Այն չի փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ ընդամենը առկա իրավիճակում նախորդելու է դրանց:

Սերժ Սարգսյանի ցանկությունն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ անձամբ իրենից լսելու, թե ինչ է եղել իրականում` փաստարկված ներկայացնելով իրողությունները, ինչպես նաև իր պատկերացումները մեր երկրի ապագայի վերաբերյալ»:

Սարգսյանի այդ որոշման առումով ուշագրավն այն է, որ կառավարությունը նախօրեին հայտարարեց, որ արտակարգ դրությունը երկարաձգում է թերեւս վերջին անգամ: Այսինքն, սեպտեմբերի կեսից Սերժ Սարգսյանը կունենար իր խոստացած մեծ ասուլիսը կազմակերպելու հնարավորություն: Ինչու՞ է այդքան համբերատար սպասած Սարգսյանը շտապում խոսել ապրիլյան քառօրյայի մասին եւ պատասխանել հանրության հարցերին: Ինչու՞ նա չի սպասում եւս մեկ ամիս: Իհարկե, երաշխավորված չէ, որ մեկ ամիս անց կառավարությունը չի կայացնի այլ որոշում, որեւէ պատճառով, բայց, այդ դեպքում արդեն Սարգսյանը կարող էր չսպասել եւ անցնել այն ձեւաչափին, որ նախաձեռնում է հիմա:

Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ Սերժ Սարգսյանը շտապում է խոսել ապրիլյան քառօրյայի մասին: Թե ինչ է ասելու այդ մասին Սերժ Սարգսյանը, եւ հատկապես ում, դա հնարավոր է քննարկել: Կասկածից վեր է, որ նա «հանրության հարցերին» պատասխանի ձեւաչափով իրականում անելու է խիստ թիրախավորված եւ հասցեական հայտարարություններ Հայաստանի ներքաղաքական կոնկրետ դերակատարների, գործիչների, եւ թերեւս արտաքին շրջանակների համար:

Այն, որ Սերժ Սարգսյանը չի համբերում, նշանակում է, որ ծավալվում են արագացող իրադարձություններ, եւ նա շտապում է հետ չմնալու, կամ դրանց թելը չկորցնելու համար: Իրադարձություններ, որոնք ծավալվում են ներքին ու արտաքին հանգամանքների եւ շահերի սերտ փոխկապակցվածությամբ: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայեց, որ սկսվում է նկատելիորեն բաց խաղ՝ ներսից եւ դրսից, որի մասին վկայում է նաեւ մարգարիտասիմոնյանական հիստերիան: Սերժ Սարգսյանն այդ ամենն զգացել է իր մաշկի վրա, որովհետեւ նախագահական ժամկետին Ռուսաստանի ուղղությամբ բախվում էր ուղիղ այն վերաբերմունքին, որին ներկայում բախվում է Նիկոլ Փաշինյանը: Պարզապես, Փաշինյանի պարագայում դրսեւորումներն ավելի ուժգնացած ու ագրեսիվ են, միաժամանակ նյարդային, որովհետեւ ավելի մեծ է Փաշինյանի դիմադրունակությունը՝ լեգիտիմության մեծ ռեսուրսի շնորհիվ:

Միեւնույն ժամանակ, չափազանց նկատելի են դառնում նաեւ այդ լեգիտիմության սյուների թիրախավորումները, ընդ որում ամենից հետաքրքիրը, թեեւ ոչ զարմանալին այն է, որ թիրախավորումները երկու պայմանական ուղղություններից են՝ «հեղափոխությունից» եւ «հակահեղափոխությունից»:

Խոշոր հաշվով, Հայաստանում բավական նշմարելի է տեխնոլոգիայի խաղարկումը, որով հասունացվեց ադրբեջանական ապրիլյան ագրեսիան: Սերժ Սարգսյանին դա անկասկած չափազանց ծանոթ է: Ինչ է շտապում ասել նա:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •