Օրերս Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միանգամից տասը պաշտոնյաների հեռացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը ընդհանուր առմամբ մնաց լրահոսի ստվերում՝ առավելագույնը դիտարկվելով երրորդ երկրներում հայկական համայնքների դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցի առնչությամբ գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքից հնչած դժգոհության համատեքստում:

Մինչդեռ կասկածից վեր է, որ գլխավոր հանձնակատարի գրասենյակի միանգամից տասը պաշտոնյայի, ընդ որում՝ ոչ շարքային աշխատակցի, այլ կոնկրետ ուղղություններով համայնքների հետ աշխատանքի պատասխանատուների հեռացնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրան այդ հարցով դիմած գլխավոր հանձնակատարը պետք է ունենային ծանրակշիռ պատճառ, հրատապ պատճառ: Իսկ հարցն այստեղ քաղաքական է, ոչ միայն կառավարչական, որովհետև կա մի քանի էական հանգամանք հենց քաղաքական տիրույթում:

Նախ՝ Սփյուռքի հետ հարաբերության արդյունավետության հարցը Նիկոլ Փաշինյանի համար առանցքային է այն պատճառով, որ նա փաստորեն չեղարկել է Սփյուռքի հարցերի նախարարությունը: Բանն այն է, որ այդ չեղարկումը, որ տեղի ունեցավ կառավարության կառուցվածքային փոփոխության շրջանակում, քննադատության արժանացավ հենց այն համատեքստում, որ նվազելու է Սփյուռքի հետ աշխատանքի արդյունավետությունը: Եվ այժմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էֆեկտիվ աշխատանքը, բարձր արդյունավետությունը Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական պատվախնդրության հարց է, որովհետև էֆեկտիվության պակասը կնշանակի, որ նրա ընդդիմախոսները ճիշտ էին, Փաշինյանը՝ սխալ:

Մյուս հանգամանքը այն է, որ Սփյուռքի հետ հարաբերության հարցը կարծես թե բավականին ստվերում էր մնացել այս շրջանում և միանգամից աչքի ընկավ ադրբեջանական ագրեսիայի բերումով: Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչ էր կատարվում այդ ստվերում: Եվ դա այն պարագայում, որ վարչապետ Փաշինյանն ինքը բարձրաձայնել է հայկական պետականության ռազմաքաղաքական կարևորագույն խնդիրը՝ համահայկական ներուժի հարցը: Սա քաղաքական ասպեկտի գլխավոր բաղադրիչն է:

Աներկբա է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներում, ռեգիոնալ մարտահրավերների ներկայիս մասշտաբի ու դինամիկայի պայմաններում հայկական պետականության գոյության կենսական մասշտաբ է համահայկականությունը: Իսկ դա նշանակում է, որ Սփյուռքի հետ աշխատանքը ստանում է ռազմավարական-անվտանգային բնույթ, որովհետև միայն համահայկական ներուժը թույլ կտա Հայաստանին առավելագույնս ինքնիշխան կերպով դիմակայել մարտահրավերներին թե՛ հայկական լոբբիի միջազգային արդյունավետության, թե՛ հայկական տնտեսության ներուժի բազմապատկման տեսանկյունից:

Միևնույն ժամանակ կա այս խնդրի հակառակ կողմը, այսինքն՝ չեզոքացնել Սփյուռքի այն շրջանակների կամ խմբերի բացասական ներգործությունը հայաստանյան իրավիճակի և պետական ներուժի վրա, որոնք այս կամ այն կերպ կապված են Հայաստանի կառավարող նախկին համակարգին և սպասարկում են դրա խմբային շահերը կամ կապված են այդ համակարգի գլխավոր հովանավոր՝ ռուսական տնտեսաքաղաքական համակարգի հետադեմ շրջանակներին և սպասարկում են նրանց շահերը:

Միևնույն ժամանակ, անշուշտ, պետք է արձանագրել, որ Սփյուռքի հետ աշխատանքը պահանջում է ահռելի ծավալ, և այստեղ հարկ է հասկանալ՝ արդյոք գլխավոր հանձնակատարի գրասենյակն օբյեկտիվորեն ունա՞կ է կրել այդ ծավալի պատասխանատվությունը, թե՞ այդուհանդերձ էֆեկտիվության բանալիները պետք է փնտրել նաև պետական այլ կառույցներում և ընդհանրապես պետական քաղաքականության լայն տրամաբանության համատեքստում՝ նկատի ունենալով համահայկական այն կոնսենսուսի գաղափարի գեներացիան, որ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բայց որը մեկ տարի անց գտնվում է գրեթե զրոյական կապիտալիզացիայի փուլում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •