ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մասնակցությամբ զենքի գործադրմամբ Ֆրիկի փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՔԾ-ին։

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ ստացվել են  Ֆրիկի փողոցում զենքի գործադրմամբ  միջադեպի մասին։  «Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրիկի 15 հասցեի մոտակայքում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից՝ դեռևս չպարզված անձը, իր մոտ եղած ատրճանակից արձակել է կրակոց։

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նկատի ունենալով, որ դեպքն առերևույթ առնչվում է բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար»,- նշեց Աբրահամյանը:

Նշենք, որ մամուլում շրջանառվող  տեղեկություններով՝ ատրճանակով  կրակոց է արձակել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, որի անունը, թեեւ պաշտոնական մարմինները չեն նշում, բայց քրգործը ՀՔԾ ուղարկելը՝ բարձրաստիճան պաշտոնյայի ենթադրյալ առնչության պատճառաբանությամբ, վկայում է, որ գործը հենց նրան է վերաբերում։
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •