Վերջին շրջանում լարվել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հարաբերությունները: Երկուստեք հրապարակային կոշտ հայտարարություններն ավելի են սրել իրավիճակը:

Պատճառներից մեկը, ըստ Լոռու մարզպետի, Վանաձոր քաղաքում ապօրինի շինարարություններն են, որոնք կատարվում են քաղաքապետի թողտվությամբ: Մարզպետի խոսքով՝ Վանաձորի ճարտարապետական տեսքի աղճատման հարցում Վանաձորի համայնքապետն իր անբեկանելի ներդրումն ունի:

Մարզպետարանի տարածած հայտարարության մեջ բավական կոշտ ձևակերպումներ են հնչում քաղաքապետի հասցեին՝ շոշափելով վերջինիս ՀՀԿ-ական լինելը, նախկին իշխանության կանոններով աշխատելը, անձնական շահով առաջնորդվելը և այլն: Հայտարարության մեջ անգամ ակնարկ կա 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին:

«Սա է ՀՀԿ-ական համայնքապետի գործելաոճը, ով համայնքի գործարարներին գործընկերային դաշտ բերելու և համայնքային զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված է միմիայն քաղաքը բաժին-բաժին անելու առուծախով, ինչն իր մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

2021թ.-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, վերարտադրվելու բոլոր շանսերը սպառած համայնքապետը, համայնքի խնդիրները լուծելու փոխարեն, քաղաքը հատվածաբար բաշխելով ու Երևաններում փրկօղակ փնտրելով, փորձում է հանդես գալ լավություն անող լավ տղայի կերպարում: Ու եթե համայնքապետի մեսիջները օդում պտտվող լուրերի ու չար լեզուների խոսակցությունների մակարդակում են, ապա այս դեպքում ամեն ինչ հստակ է ու փաստարկված: Վանաձորի Լազյան 45-ում՝ հենց միայն մեկ հասցեում, տեղ գտած ապօրինաշինության հետ կապված գրությունները մարզպետարանում արդեն հատորյակի վերածվելու միտում ունեն:

Դեռևս 2019-ի նոյեմբերից սկսված գրագրությունը՝ հորդորով՝ կանգնեցնել այդտեղ տեղի ունեցող ապօրինաշինությունները ու պահպանել համայնքի բնակիչների շահերը, այդպես էլ վերջնական արդյունքի չի հանգեցրել: 9-10 ամիս տևած այս թղթաշրջանառությունը մինչ օրս էլ համայնքապետը շարունակում է ձգձգել՝ մշտապես տալով ոչինչ չասող պատասխաններ, իսկ հեռախոսային զրույցների ընթացքում ստել է՝ խոստումները շարունակաբար չպահպանելով: Անհասկանալի պայմանավորվածությունների ու քաղաքական առքուվաճառքների արդյունքում ընտրված հանրապետական համայնքապետը պետք է մինչ այժմ ընկալած լիներ, որ հանրության մեծամասնության աջակցությամբ իշխանության եկած լեգիտիմ քաղաքական ուժի՝ կառավարության ներկայացուցչի հետ խոսելիս նվազագույնը չի օգտագործելու իր նախկին քաղաքական հայրերի լեքսիկոնը: Քանզի շատ հնարավոր է, որ համայնքապետը նման անկարողունակ ու անպատասխանատու գործելաոճի արդյունքում հայտնվի այն նույն տեղում, որտեղ իր ՀՀԿ-ական նախկիններն են: Եվ չի բացառվում, որ դա տեղի ունենա շատ ավելի վաղ, քան թվում է»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •