Հետհեղափոխական Հայաստանում քաղաքական արդիականացման խնդիրները ոչ մի րոպե չեն կորցրել արդիականությունը և ավելին, ժամանակի ընթացքում դարձել են առավել քան արդիական, այն բանից հետո, երբ հայաստանյան ներքաղաքական համարվող կյանքում աստիճանաբար բյուրեղացել է դիմակայությունը նոր իրավիճակի և նախկին համակարգի միջև:

Դա, ըստ էության, հակառակ է շրջել քաղաքական զարգացման սլաքը՝ ընդգծելով նաև Հայաստանի քաղաքական դասի անհամարժեքությունը պետական, ազգային խնդիրների նկատմամբ՝ ցույց տալով, որ այդ դասի վերաբերմունքը չի անցնում այն կողմ ընդամենը հռչակագրային բնութագրերից և ազգային-հայրենասիրական կենաց հիշեցնող ճառերից: Տավուշի սահմանագոտում զարգացումներն այդ իմաստով հերթական լակմուսի թուղթը դարձան, միաժամանակ, սակայն, հանրությանը տալով թերևս քաղաքական չափումների աննախադեպ մի մեկնակետ: Ակնառու է, որ առաջիկա ժամանակահատվածում թե՛ ռեգիոնալ, թե՛ Հայաստանի ներքին զարգացումներն էապես ազդված են լինելու ռուս-թուրքական հարաբերությունների ճշգրտման գործընթացից, որին հետևելու են, թերևս, նաև աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները: Հայաստանի քաղաքական դասը իրավունք չունի լինել այդ գործընթացում հետևողի դերում, քանի որ խոսքը վերաբերում է անմիջականորեն Հայաստանի ճակատագրին և անվտանգային միջավայրին: Մյուս կողմից, իսկ ինչ անել: Այստեղ է, որ Տավուշը իսկապես լրջագույն մեկնակետ ու ինդիկատոր է:

Բանն այն է, որ Հայաստանի նվազագույն անելիքը հայկական իրավունքների հարցն օրակարգ բերելն է, և այստեղ, որքան էլ տարօրինակ չհնչի, պատասխանատվություն ու անելիք ունեն բոլոր քաղաքական ուժերն ու այդպիսի ուժ լինելու հավակնորդները: Ավելին, այստեղ, ըստ էության, ձևավորվում է Հայաստանի համար առնվազն միջնաժամկետ ապագայի համար քաղաքական կարևորագույն մի չափորոշիչ՝ վերաբերմունքը ռուս-թուրքական 1920 թվականի պայմանագրերին, վերաբերմունքը հայկական պատմա-քաղաքական իրավունքներին, որոնք ոտնահարվել են ցեղասպանության տարիներին, հայկական հարցի իրավա-պայմանագրային ասպեկտի վերաբերյալ դիրքորոշումների ճշգրտումն ու որպես քաղաքական ուժ ձևակերպումը: Ընդ որում, այստեղ չկա որևէ նշանակություն, թե գաղափարական ինչ ուղղվածության կամ հենքի վրա է տվյալ քաղաքական ուժը՝ ազգային է, հեղափոխական է, պահպանողական է, ազատական է, թե այլ: Խոսքը տվյալ պարագայում ամենևին գաղափարական որևէ ուղղվածությունից բխող չափորոշչի մասին չէ, այլ հայկական պետականության համար առանցքային, ողնաշարային նշանակություն ունեցող հարցի, ըստ այդմ դրանով է նաև, որ հասարակությունը պետք է գնահատի Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակիցներից որևէ մեկի համարժեքությունը քաղաքականությանն ընդհանրապես:

Տավուշում հայկական բանակը, ըստ էության, միացրել է դրա չափման ժամանակը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •