«Իմ կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը, և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։

Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ», ֆեյսբուքյան գրռում է արել շրջակա միջավայրի նորանշանակ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Լողափը մամուլում կապվել է Ռոմանոս Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, լողափնյա «փարթիի» հայտնի պատմությամբ:

Թեեւ, հայտարարվեց, թե պատգամավորը տուգանվել է դիմակ չկրելու համար, աղմուկն այդուհանդերձ ծավալվեց, քանի որ մամուլը գրում էր, որ լողափի դե ֆակտո սեփականատերը Հայկ Սարգսյանն է: Նա հերքեց դա, սակայն եղան լուսանկարներ, թե ինչպես է պատգամավորն ուսումնասիրում տեղի աշխատանքային համակարգիչը: Հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, որ լողափի տնօրենը ասել է, թե նա իր ընկերն է եւ դրա համար էլ հասանելիություն է ունեցել համակարգչին: Ակնառու է, որ պատգամավորը դարձել է Իմ քայլի հանդեպ բավականին աղմկոտ գրոհի առարկա, չնայած ինքն էլ հերթին է հայտարարում, թե ինքն է դարձել անազնիվ գրոհի թիրախ:

Պատմության հանդեպ «վարչական» արձագանքը վկայեց, որ Իմ քայլի շրջանակում կամ իշխող քաղաքական թիմի շրջանակում հարցն ունեցել է բավականին ցավոտ եւ ոչ միարժեք ընկալում: Մասնավորապես, պարետատունը կիրառեց մինչ այժմ չկիրառված խստությամբ պատիժ՝ լողափի խոհանոցի 14-օրյա արգելափակում:

Այժմ հաջորդում է ավելի խիստ քայլ: Շրջակա միջավայրի նոր նախարարը հայտարարում է այդ լողափի գործունեությունը կասեցնելու հրահանգի մասին: Այդ որոշումը, բացի վարչական լինելուց, անկասկած այլեւս քաղաքական է, առավել եւս «քաղաքական շրջանակների հետ կապվելու» մասին նախարարի բազմիմաստ գրառման ֆոնին: Բազմիմաստ այն տեսանկյունից, որ կապվում է կոնկրետ շրջանակի՝ հենց իշխող քաղաքական թիմի հետ: Բայց նախարար Պետրոսյանը անում է ձեւակերպում, որի տողատակում հնարավոր է նշմարել այսպես ասած «օտարում»:

Բանը կհասնի՞ նրան, որ աղմկոտ պատմության առիթ տված պատգամավորը ցած դնի մանդատը: Նա համարվում է վարչապետ Փաշինյանի հեղափոխական ուղեկցող: Մյուս կողմից, Ռոմանոս Պետրոսյանն էլ, ըստ մամուլի հրապարակումների, համարվում է քաղաքական թիմում Նիկոլ Փաշինյանի վստահելիներից մեկը: Անշուշտ, նախարարի պաշտոնում նշանակումը դրա վկայությունն է, առավել եւս մի նախարարության, որն առնչվելու է չափազաց նուրբ եւ բարդ թեմաների: Իհարկե, դա նաեւ ավելի արագ սայթաքելու ռիսկ է, բայց Փաշինյանը ներկայում հազիվ թե ունի սայթաքող նախարարների կարիք:

Վարչապետ Փաշինյանին ներկայում անհրաժեշտ է քաղաքական թիմի կառավարելի, բայց հնարավորինս արագ բազմաբեւեռացում եւ հանրայնորեն ուժ պարունակող մի քանի կենտրոնի ձեւավորում, որոնք ի վիճակի են քաղաքականապես առնվազն բալանսավորել հեղափոխության հավաքականի սկանդալայնության «ներուժը»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •