Ադրբեջանական քարոզչամեքենան, նաև ռուսական պրոպագանդիստական շրջանակները հայաստանյան որոշ շրջանակների դեռևս լատենտ ձայնակցությամբ փորձում են գեներացնել մի մտայնություն, թե Խաբարովսկում նախկին նահանգապետի ձերբակալման դեմ արդեն մոտ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին «ինստրուկտորների» դերում են հայկական ազգանուններով մարդիկ կամ հայկական թավշյա հեղափոխության շրջանում աչքի ընկած անձինք, ինչպես, օրինակ, հայտնի բլոգեր Ռոմանովը:

Այլ կերպ ասած՝ բավականին նկատելի է ջանքը, որ ռուսական, ադրբեջանա-թուրքական և, ցավոք սրտի, նաև որոշ հայաստանյան շրջանակներ փորձում են գործադրել Խաբարովսկի հանրային բողոքի ակցիաների իրողությունը Ռուսաստանում հակահայկական քաղաքական դիրքորոշման հիմք կամ պատճառ դարձնելու համար: Անշուշտ նույն սերիայից է նաև մարգարիտսիմոնյանական պրոպագանդայի «թեզը», թե Երևանում փորձում են ռուս երիտասարդներին սովորեցնել հեղափոխություն անելը:

Ինչ խոսք, այդօրինակ գրառումներն ու պրոպագանդան նախ՝ ծայրաստիճան անհարգալից ու վիրավորական են հսկա Ռուսաստանի համար, որովհետև կնշանակի՝ Ռուսաստանը պարզապես ոչինչ է, փուչիկ է, եթե մասշտաբներով բազմակի փոքր և ռեսուրսներով էապես նվազ Հայաստանում պետք է սովորեցնեն հեղափոխություն անել հսկա երկրի և մեծ ժողովրդի երիտասարդներին, և դա պետք է տա իր արդյունքը:

Սակայն բոլորի համար պարզ է, որ խնդիրն ունի այլ խորք, և հարցը ամենևին այն չէ, թե պրոպագանդիստներից որևէ մեկը հավատում է իր իսկ «թեզին» կամ իրեն որևէ կենտրոնից հրամցված «թեզին»: Այստեղ դիտարկման է արժանի այն, որ ակնառու է քաղաքական նպատակը՝ օգտագործել ցանկացած առիթ, այդ թվում՝ Խաբարովսկը, Ռուսաստանում հայերի հանդեպ, Հայաստանի հանդեպ քաղաքական որոշումներ կորզելու կամ այդպիսի առկա որոշումների իրացման համար, այսպես ասած, տեղեկատվաքարոզչական ֆոն ստեղծելու համար:

Հաշվի առնելով այն, թե ինչպիսի նյարդային փութաջանությամբ է փորձ արվում օգտագործել կամ ստեղծել այդ առիթները, հնարավոր է եզրակացնել, որ այդուհանդերձ օրակարգում քաղաքական որոշման ձևավորման, ոչ թե եղածի իրացման հարց է: Ասել է թե՝ փորձ է արվում Ռուսաստանում ձևավորել Հայաստանի նոր իշխանության և Հայաստանի դեմ քաղաքական որոշում:

Այն, որ կարող են լինել այդպիսի թուրքական և ադրբեջանական ու նաև ռուսական շրջանակներ՝ նրանց հետ գործակցող, միանգամայն պարզ է: Ամբողջ խնդիրն այն է, որ կարող են լինել հայկական շրջանակներ, որոնք ոչ միայն չեն ընդդիմանում այդպիսի իրողությանը, այլ նաև պատրաստ են մասնակցել դրան:

Ընդ որում, մասնակցել իբրև թե Ռուսաստանի հետ հարաբերության ջատագովի դիրքերից, այն դեպքում, երբ ակնհայտ է՝ վերոհիշյալ տրամաբանությունը ուղղված է ռեգիոնում ոչ միայն հայկական, այլև ռուսական պետականության դիրքերը քանդելուն, որովհետև առանց հայկական պետականության հետ միջպետական սերտ գործակցության ու դաշնակցության՝ ռուսական պետականությունը անկարող է լինելու ռեգիոնում դիրք պահել:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •