Levon Ter-Petrosyan

Ilur.am կայքը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ կրթության նոր չափորոշիչների մասին.

Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով մենք, ըստ էության, հավասարվում ենք թուրքական եւ ադրբեջանական պատմագիտություններին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։ Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա (ներողություն օտար բառ օգտագործելու համար) հնարավոր չէ պատկերացնել։

Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենեւին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ եւ այսօր էլ պետություն ունի։

Հետաքրքիր անդրադարձ է, բանավեճի մակարդակին, կամ ավելի շուտ ընդդիմախոսության մակարդակին տրվող բավականին դիպուկ գնահատականով: Որովհետեւ, ԿԳՄՍՆ առաջ բերած չափորոշիչների շուրջ բանավեճ որպես այդպիսին չկա, կա ընդամենը պաթետիկ տոնայնության մեջ ընկղմված քննադատություն կամ հայհոյանք, որին ընդդիմախոսություն ասելն էլ բավականին բարդ է:

Միաժամանակ, անկասկած է, որ առաջարկվող չափորոշիչների քննադատության շարքում են իսկապես մասնագիտական ընդդիմախոսության բարձր մակարդակի օրինակներ, որոնք կարող են ստեղծել բանավեճ, բայց խլացվում են հենց հայհոյանքների տարափի տակ, որ տեղում են իբրեւ քննադատություն:

Պետք է նկատել իհարկե, որ Հայաստանում այդպես է ցանկացած հարցում, եւ չափորոշիչները ոչ թե բացառություն են, այլ օրինաչափության հավաստում՝ Հայաստանում չկա բանավեճի մշակույթ, ավանդույթներ, որովհետեւ այդ ամենը խեղված է խորքից, տասնամյակների ընթացքում, թերեւս բավականին հստակ նպատակով՝ ձեւը եւ աղմուկը մշտապես գերակա պահել բովանդակության եւ գաղափարական մրցակցության նկատմամբ: Դա հանրությանն ու Հայաստանին հեռակառավարելու լավագույն մեթոդներից է, որ թույլ չի տալիս հասնել հանրային համերաշխության սկզբունքների շուրջ ընդհանուր հայտարարի, ինչը կենսական կարեւորություն ունի շատ ավելի բարդ եւ անգամ արյունալի հարցերում:

Տեր-Պետրոսյանի գնահատականը միեւնույն ժամանակ թողնում է որոշակի հակասական տպավորություն, որովհետեւ, երբ խոսքը վերաբերում է «բանավեճին»,- իսկ առաջին նախագահը անկասկած խիստ մանրակրկիտ է ընտրում բառերը,- ապա ստացվում է, որ գնահատականը տարածվում է որոշակիորեն երկու կողմի վրա:

Իսկ դա հետաքրքիր է դարձնում հանգամանքը, հատկապես հաշվի առնելով այն, որ «բանավեճի» ընթացքում ԿԳՄՍ նախաձեռնությունը քննադատողները կամ ավելի շուտ հայհոյողները շատ հաճախ են հիշում նաեւ Առաջին նախագահին, նրան որակելով իբրեւ ազգայինի «թշնամի», հղում անելով օրինակ նրա հայտնի հայտարարությանը, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է: Ի դեպ, դրան հղում անողները որպես կանոն «պատահաբար» կամ միտումնավոր մոռանում են «քաղաքական» բառը, որ նշել էր Տեր-Պետրոսյանը դեռեւս իր նախագահության տարիներին արված հայտարարությունում: Նա նշել էր, որ ոչ թե ազգային գաղափարախոսությունն է կեղծ, այլ այն կեղծ է որպես քաղաքական կատեգորիա՝ փորձելով բացատրել, թե ինչու է համարում այդպես:

Նրան սակայն ժամանակի ընթացքում վերագրվում է նենգափոխված՝ «քաղաքական» հասկացությունը հանած արտահայտություն:

Միով բանիվ, չափորոշիչների շուրջ աղմուկի մեջ Տեր-Պետրոսյանին հիշում են հաճախ, ու նա էլ հանկարծ անդրադառնում է դրանց, փաստացի «յուղ լցնելով» հիշողների կրակին, որոնք դեռեւս թավշյա հեղափոխությունից սկսած են ամեն առիթով հայտարարում, թե Փաշինյանը տեր-պետրոսյանական «նախագիծ» է, որի միջոցով նա իրացնելու է իր «ապազգային» նպատակները: Ինչու՞ է Առաջին նախագահը որոշել չափորոշիչների առիթով «յուղ լցնել» այդ կրակին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •