Եռաբլուրում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի հետ զրույցում լրագրողները, անդրադառնալով Դոսյեի հրապարակմանը, հարցրել են, թե արդյոք ԱԱԾ նախկին տնօրենները եղել են ռուսական գործակալներ:

Արգիշտի Քյարամյանն ասել է, որ այդ հոդվածն ինքնին հանցագործության մասին հաղորդում է, եւ ԱԱԾ-ն բնականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված բոլոր փաստերին: Այդ փաստերի ուսումնասիրությունն արդեն սկսել է, ասել է ԱԱԾ տնօրենը:

Նա նաեւ ասել է, որ ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, սակայն կան նաեւ անձինք, որոնք հրաժեշտ են տալու համակարգին: Այդ պրոցեսն արդեն սկսել է, ասել է Արգիշտի Քյարամյանը:

Պատասխանելով հարցին, որ ԱԱԾ-ն համարվում է ռուսական ՖՍԲ-ի կցորդը, նա ասել է, որ ԱԱԾ-ն լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, եւ դա միտված է Հայաստանի անվտանգության ապահովմանը:

Խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունների մասին, Արգիշտի Քյարամյանն ասել է, որ նա ավելի լավ է մտածի վարչապետի գաղտնալսման մասին, որի ուղղությամբ քննություն է գնում:

Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ վարչապետի հեռախոսազրույցները ձայնագրել եւ գաղտնալսել են:

Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է:

Թե որքանով Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը հստակ չպատասխանեց՝ հայտնելով միայն, որ քննություն է տարվում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը հրապարակել չի կարող:

ԱԱԾ տնօրենը չբացառեց, որ հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում իր հեռախոսսազրույցները եւս գաղտնալսվեն:

«Որեւէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են եւ կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը»,- հայտնեց նա:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •