Ադրբեջանը մտահոգվում է, որովհետև գիտե, որ իրականացվելու են համապատասխան գործողություններ, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա անդրադարձել է Տավուշի սահմանի իրավիճակին, որտեղ ՊՆ հաղորդագրության համաձայն Ադրբեջանը առաջացրել է լարվածության աճ: Ադրբեջանական սադրանքի զոհ է դարձել հայաստանցի պայմանագրային զինծառայող: Ըստ ՊՆ հաղորդագրության, Ադրբեջանը իրականացնում է ամրաշինական աշխատանք և մեծացնում լարվածությունը, ինչին արձագանքել է հայկական կողմը: Դավիթ Տոնոյանը նշել էր, որ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանքով փորձում են նվազեցնել հայկական կողմի դիրքային առավելությունը: Ինչ գործողություն է պատրաստում հայկական կողմը, որը մտահոգել է Բաքվին:

Բնական է, որ պաշտպանության նախարարը չի բացելու գործողության հետ առնչվող որևէ տեղեկություն և փակագիծ: Սակայն, Դավիթ Տոնոյանի բաց հայտարարությունը, թե հասկանալի է Ադրբեջանի մտահոգությունը, որովհետև գիտեն համապատասխան գործողություն իրականացնելու մասին, ենթադրում է պատրաստվող կամ գուցե արդեն պատրաստված գործողության անկասելիության մասին:
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարի այդպիսի բաց հայտարարությունը հուշում է հակառակորդի համար այդ գործողության հնարավոր «կանխատեսելիության» բարդությունը: Այսինքն, հայկական կողմը պատրաստում է գործողություն, որն իր բնույթով և ձևաչափով կարող է լինել ասիմետրիկ, չսպասված, ամենևին ոչ այն տրամաբանության շրջանակում, որը կարող է ենթադրել Ադրբեջանը իր սահմանային սադրանքի հետևանքով ստեղծված լարվածության համատեքստում:

Տվյալ պարագայում, հայկական կողմի գործողության «ազդարարումը» թերևս չի առնչվում այն հանգամանքին, որ հակառակորդը պատասխան կտա հայկական կողմի զոհի համար: Այդ առումով Հայաստանի զինուժը գործել ու թերևս գործում է առանց ավելորդ աղմուկի և հայտարարությունների: Տվյալ պարագայում, ՊՆ նախարարի խոսքն առնչվում է թերևս լայն ռազմա-քաղաքական համատեքստում ենթադրվող համապատասխան գործողության մասին, որ կլինի Հայաստանի պատասխանն Ադրբեջանին, կամ գուցե ամենևին ոչ Ադրբեջանին, քանի որ տավուշյան մարտերից հետո մեղմ ասած խիստ կասկածելի է այդպիսի սուբյեկտի գոյությունը: Խոսքն այն մասին է, որ Բաքվին փոխարինել է Անկարան, իր ամբողջ վարքագծով վկայելով, որ Ադրբեջանն ընդամենը թուրքական քաղաքականության մի հենակետ է: Իհարկե տվյալ պարագայում խոսք չի գնում այն մասին, որ հայկական զինուժը Ադրբեջանի փոխարեն համապատասխան գործողություն իրականացնելու է Թուրքիայի նկատմամբ: Կամ, ավելի շուտ, որ համապատասխան գործողությունը լինելու է ռազմական: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այլևս լոկ պաշտպանական գերատեսչություն չէ, որտեղ դրվում և լուծվում են լոկ ռազմական խնդիրներ: Հայաստանն անցել է աշխույժ ռազմական դիվանագիտության փուլ, այդպիսով պետական դիվանագիտությունը կամ քաղաքականությունը դարձնելով երկշերտ: Մի բան, ինչը հույժ կարևոր է անվտանգային տաք խնդիրներ և միջավայր ունեցող պետությունների համար:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •