ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատել է, որ պետք է ֆիքսել՝ Ադրբեջան անկախ պետություն՝ որպես այդպիսին, դե-ֆակտո այլևս գոյություն չունի, փոխարենը գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով։ Թունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջան անկախ պետություն՝ որպես այդպիսին, դե-ֆակտո այլևս գոյություն չունի։

Փոխարենը գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով։ Եվ Թուրքիան, իր կամակատար Ալիևի վարչակազմի միջոցով օգտագործում է այդ նահանգի ռեսուրսները (մարդկային, տարածքային, դիրքային, հանքահումքային, ֆինանսական և այլ)՝ իր խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Որքան շուտ Ադրբեջանի ժողովուրդը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները (լեզգիները, թալիշները, թաթերը և այլք) սա գիտակցեն, այնքան լավ իրենց համար»,-գրել է Թունյանը:

Նա նկատել է՝ եթե Ադրբեջանի ժողովուրդը գիտակցի, կհասկանա, որ իրականում իրենց երկիրը զավթվել է առանց պատերազմի, և իրենց կյանքի գնով սակարկություններ են գնում, միգուցե նաև հասկանա, որ պետք է պայքարել ոչ թե հայերի, այլ իրենց իրական զավթիչների դեմ։

«Ու նաև կհասկանան, որ մտել են մի խաղի մեջ, որտեղ իրենք ի սկզբանե զոհաբերված զինվորներ են։ Աշխարհը նույնպես սա հասկանում է, բայց շարունակում է հանդուրժել այս քաղցկեղի տարածումը։Իսկ մեզ համար տարբերություն չկա։ Մենք պիտի հույս դնենք ինքներս մեզ վրա, որովհետև պատմությունն է մեզ այդ դասը տվել»,-նշել է Թունյանը:

Նա շեշտել է, որ հայկական կողմը պայքարում է իր ոգու, իր գոյատևման, իր պատմության, մշակույթի, արժեքների համար։ «Ու ի սկզբանե դատապարտված ենք հաղթանակի ու հաղթելու ենք»,-նշել է պատգամավորը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •