Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացահայտել էր մանրամասներ, թե ինչ էր խնդրել իրեն Ալիեւը 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցած առաջին հանդիպմանը:

Ըստ Հայաստանի վարչապետի, Ալիեւը խնդրել է իր հայտարարություններում չանդրադառնալ Ադրբեջանի ժողովրդին դիմելու թեմային, քանի որ մտավախություն ունի, որ դա կարող է Ադրբեջանում բորբոքել հեղափոխական ալիք: Ալիեւի այդ մտավախության հիմքում եղել է այն արձագանքը, որ աշխարհում եւ մասնավորապես ամբողջատիրական երկրների հանրություններում առաջացրել էր հայկական հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանն այդ մանրամասնը բացահայտել էր ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի «կոնֆիդենցիալ» հրապարակումների, թե Նիկոլ Փաշինյանն է Ալիեւին խնդրել չճնշել Արցախի հարցում, մինչ ինքն ամրացնի իր իշխանությունը Երեւանում: Ադրբեջանն այդ քարոզչությամբ նախապատրաստվում էր սեպտեմբերի 27-ի պատերազմական հարվածին:

Այդ նախապատրաստության շարքում է եղել նաեւ ադրբեջանական տիրույթում համացանցի կտրուկ սահմանափակումը, սոցցանցերի արգելափակումը եւ մեդիատարածության կաղապարումը: Դա հատկանշական հանգամանք է: Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունը մոտ երկու տասնամյակ ազդարարում է «ազատագրական պատերազմի» պատրաստակամություն, փորձում է տարածել դրա «գաղափարախոսություն», փորձում է ստեղծել հանրային պահանջարկ, բայց երբ գալիս է այդ պատերազմն սկսելու պահը՝ փակում է տեղեկատվական դաշտը հանրության համար:

Հազիվ թե այդ քայլը պայմանավորված է հանրությանը ապատեղեկատվությունից, տեղեկատվական պատերազմից պաշտպանելուն: Այդ քայլով Ալիեւն ինքն է պաշտպանվում իր հանրությունից, վկայելով, որ ադրբեջանցիները պատրաստ չեն պատերազմի՝ չնայած այն քաղաքականությանը, որով Բաքվի ռեժիմը փորձում էր ստեղծել հակառակ տպավորություն: Ադրբեջանի հանրության մեծամասնությունը թերեւս գտնվել է ընդամենը ռեժիմի ազդեցության ներքո, իսկ «ռազմատենչության» եւ «ազատագրական պատերազմի» իբրեւ թե պահանջարկ պաշտոնական Բաքուն ստացել է միայն քարոզչական հնարքներով ձեւավորվող պատկերում:

Ավելին, հուլիսյան տավուշյան մարտերում կրած պարտությունից հետո Ալիեւը զգայական պոռթկման տակ անգամ խոստովանեց, թե պատերազմ պահանջող հանրահավաքի հազարավոր մասնակիցներից եզակիներն էին զինվորագրվել կամավորության սկզբունքով: Ի դեպ, հանրահավաքը կազմակերպել էր հենց Ադրբեջանի իշխանությունը:

Միեւնույն ժամանակ, միանգամայն հասկանալի է, թե ինչու ադրբեջանական հանրության մեջ չկա պատերազմի պահանջարկ եւ պատրաստություն: Այդ հանրությունը Արցախի հարցը չի համարում իր «մաշկին մոտ»: Այդ հանրության համար հստակ է, որ չկա հայկական ագրեսիայի վտանգ, որ Հայաստանն ու Արցախն իրենց անվտանգության սպառնալիք չեն՝ անվտանգության սպառնալիք է Բաքվի հարստահարող ռեժիմը, որի համար կա Արցախի հարց՝ որպես իշխանության, հանրային տրամադրությունների ձեռնածության գործիք: Այդ հարցով հանդերձ էլ Ալիեւն է դառնում գործիք ավելի լայն խնդիրներ ունեցող Էրդողանի ձեռքին:

Միեւնույն ժամանակ, առանձին հարց է, թե ինչ է ադրբեջանական ժողովուրդը: Այն մի բան է Աբշերոնում, մեկ այլ բան է տարբեր շրջաններում՝ էթնիկ բնակչության բազմազան կազմով, որոնք տարբեր աստիճանի խնդիր ունեն Բաքվի իշխանության, այդ թվում նախիջեւանյան եւ աբշերոնյան կլանների հետ, այլ ոչ թե Արցախի:

Ադրբեջանի հանրությունը դառնում է այդ երկու խնդրահարույց անձնավորության զոհը, իր որդիներին ուղարկելով մահվան նրանց իշխանության ու փողի համար: Այդ պատճառով էլ տեղեկատվությունը թաքցվում է ադրբեջանական հանրությունից: Բայց հնարավոր չի լինելու թաքցնել մահերը, դիերը: Ինչպես է թաքնվելու այդ դեպքում Ալիեւը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •