Հայաստանի ՊՆ հայտնել է, որ թուրքական օդուժի F 16 կործանիչը սեպտեմբերի 29-ին ուղիղ հարված է հասցրել Հայաստանի սուվերեն տարածքոմ ՀՕՊ ուժերին աջակցման գործողություն իրականացնող Су-25 օդանավին: Դժբախտաբար զոհվել է հայկական օդանավի օդաչուն:

Փաստացի, Անկարան բացահայտորեն ներգրավվում է ռազմական գործողությունների մեջ, այն էլ Հայաստանի Հանրապետության դեմ: Դա նշանակում է, որ Թուրքիան հարվածում է նաեւ Հայաստանի դաշնակցի կարգավիճակ ունեցող երկրներին՝ Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին:

Այդ հանգամանքը թույլ է տալիս խոսել թերեւս երկու իրողության մասին: Նախ, Անկարայի ուղիղ ներգրավումը վկայում է, որ ադրբեջանական զինուժը, չնայած ռազմա-տեխնիկական, խորհրդատվական, վարձկանային մեծ աջակցությանը, մատնվել է ռազմական ակնհայտ ձախողման եւ պատերազմի սանձազերծումից ի վեր ոչ միայն չի լուծել ոչ մի ռազմական նշանակալի խնդիր, այլ ունեցել է թե մարդկային ուժի, թե տեխնիկայի մեծաթիվ կորուստ:

Անկարայի ուղիղ միջամտությունը այդ իմաստով Ադրբեջանի տապալված բլից-կրիգից հետո բլից-խայտառակությունից փրկելն է: Մյուս կողմից, սակայն, կարող է ստացվել նաեւ հակառակը՝ Թուրքիան իր անմիջական աջակցությամբ էլ ավելի ընդգծի Ադրբեջանի խայտառակությունը, այն իմաստով, որ Բաքուն անգամ թուրքական այդպիսի աջակցության պայմաններում անկարող է լինելու լուծել հայկական բանակի դեմ որեւէ ռազմական խնդիր, եւ հայկական բանակը շարունակելու է Ադրբեջանին մեծաթիվ ու մեծաքանակ կորուստ պատճառելը:

Այդ դեպքում իհարկե խայտառակության համար պատասխան կտա Ալիեւը, որը փաստացի կհայտնվի կատարյալ անպետք կարգավիճակում, երբ ի վիճակի չէ ոչնչի՝ երբ իր փոխարեն անգամ կռվում է Թուրքիան:

Մյուս կողմից, սակայն, թուրքական ուղիղ ագրեսիան հարց է առաջացնում, իսկ ինչի՞ է ի վիճակի Հայաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող եւ անվտանգային պատվախնդրություն խաղացող Ռուսաստանը, երբ թիրախավորվում է նրա անվտանգային պատասխանատվության գոտում գտնվող պետություն: Բանն այն է, որ համարժեք վարքագծի բացակայության պարագայում Ռուսաստանը պարզապես ճանաչվելու է «անգործունակ դաշնակից» միջազգային ասպարեզում:

Դա գուցե Մոսկվային ներկայումս չի հուզում, քանի որ առանձնապես որեւէ մեկի մոտ չկա պատրանք ռուսական դաշնակցային կարողությունների եւ ամենակարեւորը՝ բարեխղճության իմաստով: Թեեւ, Մոսկվան իհարկե հենց այս իրավիճակում կարող է վերականգնել իր հեղինակությունը որպես դաշնակից:

Դրան զուգահեռ, ակնառու է, որ Թուրքիայի սանձազերծած պատերազմի նպատակը Մոսկվային պայմանավորվածության ներքաշելն է, բազմաթիվ շարժառիթներով եւ ուղղություններով: Թուրքիան մարտահրավեր նետելով ռուսական անվտանգային պատասխանատվության գոտուն, փորձում է թելադրել պայմաններ: Այդ ֆոնին ակնառու է, դատելով Կրեմլի խոսնակ Պեսկովի հայտարարություններից, որ Ռուսաստանը նախընտրել է չշտապելը:

Ամբողջ հարցն այն է, թե որտեղ է Մոսկվայի սպասելու եւ Անկարայի կանգնելու «կարմիր գիծը»: Դա այսօր որոշում է թերեւս հայկական զինուժը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •