ՀՀ ԱԱԾ-ն կամ որևէ այլ ուժային կառույց Հայաստանից դեռևս չի դիմել ռուսական «Դոսյե» կենտրոն՝ «Борода» из Еревана и мягкая сила Баку» հետաքննական հոդվածի շրջանակներում հավելյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին «Դոսյե» կենտրոնի մամուլի ծառայությունից:

Հարցին արդյո՞ք կենտրոնը տիրապետում է այլ՝ դեռևս չհրապարակված նյութերի և փաստաթղթերի, որոնք պատրաստ է տրամադրելու համապատասխան կառույցներին, եթե նրանց կողմից լինի նման պահանջ, «Դոսյե»-ից հայտնեցին, որ այո, կա չհրապարակված տեղեկատվություն, սակայն, այն տրամադրելու կամ չտրամադրելու հարցը իրենց կենտրոնում չի քննարկվել, քանի որ ոչ մեկ այդ խնդրանքով դեռ չի դիմել:

«Մենք կարծում ենք, որ նախ և առաջ համապատասխան ծառայությունները պետք է ընթացակարգային միջոցներ ձեռնարկեն տվյալ գործին առընչվող՝ ուսումնասիրելով արդեն հրապարակված նյութերը և փաստերը»,- հայտնեցին  «Դոսյե» կենտրոնի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնը հրապարակեց հետաքննական հոդված, որում նշված էին այն անձանց անունները, որոնք ըստ հրապարակման՝ աշխատում են որպես Կրեմլի գործակալներ՝ սպասարկելով Ռուսաստանի շահերը Հայաստանում և Վրաստանում: Հոդվածում մի շարք այլ անձանց թվում հիշատակվում են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանի անունները, որոնց անձնագրերի պատճեները գտնվել են ՌԴ արտաքին հետախուզության գեներալի գրասենյակի փաստաթղթերի մեջ:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը թեմայի հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է, որ «Դոսյե» կենտրոնի հրապարակումը դիտարկում է որպես հանցագործության մասին հաղորդում և դրան կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական:

Նաիրա Բաղդասարյան; Մոսկվա

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •