Հայաստանը և Արցախը համարժեք պատասխան կտան, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ Հայաստանի ՊՆ տեղեկությունից հայտնի դարձավ, որ թուրքական Ֆ-16-ը Ադրբեջանի տարածքից խոցել է հայկական երկնքում ՀՕՊ ուժերին աջակցության գործողություն իրականացնող Սու-25 օդանավը:

Թուրքիան ու Ադրբեջանն ընդլայնում են պատերազմական շանտաժի ճակատը, գործնականում բացելով արդեն եռօրյա պատերազմի նոր շրջափուլ: Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ Մինսկի խմբի համանախագահության եռյակի երկրները հարաբերականորեն պասիվ են իրենց ռազմա-քաղաքական ջանքում: Ակնհայտորեն պասիվ է նույնիսկ Ռուսաստանը՝ Կովկասում ունեցած իր դերի և առավել ևս Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների համատեքստում: Այստեղ, սակայն, ուշադրության են արժանի նաև ԱՄՆ ու Ֆրանսիայի դիրքորոշումները: Փարիզն ու Վաշինգտոնն անդրադարձել են իրավիճակին, արել են կարևոր տողատակերով հայտարարություններ, սակայն բավարարվել են դրանով: Չի բացառվում, որ հիմնական ծավալումները տեղի են ունենալու ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի շրջանակում, որը կկայանա Երևանի ժամանակով ուշ երեկոյան: Ահա այդ ֆոնին հետաքրքիր հայտարարություն է անում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, որը թվիթերյան գրառում է արել, որ ԱՄՆ-ն պետք է պահանջի, որպեսզի Թուրքիան հեռու մնա Ղարաբաղյան հակամարտությունից:

Բայդենն ԱՄՆ նախագահի ընտրության համար պայքարում գործող նախագահ Թրամփի մրցակիցն է, դեմոկրատական կուսակցության թեկնածու և առայժմ նախագահի ընտրության հաղթանակի ֆավորիտ, սոցհարցումների վարկանիշային առաջատար: Բայդենի գրառումն այդ իմաստով խիստ կարևոր է, առնվազն որպես «մրցակցային խթան» Թրամփի համար, որն առնվազն առայժմ կարծես թե առաջնորդվում է համեմատական պասիվության տրամաբանությամբ, ինչն ընդհանրապես բնորոշ է նրա արտաքին քաղաքական մոտեցումներին ու ոճին, որը հաճախ, իհարկե, չափազանցված, սակայն անվանում են «մեկուսացման» քաղաքականություն: Բայդենի գրառումը կօգնի՞ ՄԱԿ ԱԽ նիստից առաջ ղարաբաղյան հարցում Թրամփի քաղաքականությունը դուրս բերել «մեկուսացման» տրամաբանությունից: Ընդ որում՝ կասկածից վեր է, որ Թուրքիան ընտրել է պատերազմի սանձազերծման մի ժամանակահատված, երբ ԱՄՆ նախագահի ընտրության վճռորոշ, եզրափակիչ փուլն է, և նախագահի թեկնածուներն, ըստ էության, կենտրոնացած են լինելու ներքին ընտրական խնդիրների վրա: Ջո Բայդենը, սակայն, փաստացի ձևավորում է այդ գործընթացում ղարաբաղյան գործոնի մրցակցային մեկնակետ, ինչն ունի էական նշանակություն:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •