Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներա-տեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ։

Հակառակորդի անձնակամզի կորուստները 500-ից ավելի է կազմում։ Այս մասին ճեպազրույցում ասաց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը ևս ունի կորուստներ, թվային տվյալները ճշտվում են, կհրապարակվեն ավելի ուշ։

«Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է։ Ավելին, ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ հետ վերցնելով նախկին օրերին կորցրած որոշակի դիրքեր՝ հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այսօր ամբողջ գիշեր ու ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություներ՝ բոլոր ուղղություններով։ Նախորդ օրերի անհաջողությունների հետ չհամակերպվելով՝ հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ողջ զինանոցը։ Ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա՝ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը։ Բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները՝ փորձել է գրոհել մեր մարտակարգերը, սակայն այս անգամ ևս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքեր»,- ասաց նա։

Հակառակորդի գրոհները, ըստ Արթուր Սարգսյանի, հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններում, որտեղ նրանք նախորդ օրերին ունեցել են որոշակի հաջողություններ։ ՊԲ ստորաբաժանումները վճռական հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները բոլոր ուղղություններով։

«Հերթական անգամ անհաջողություններ գրանցելով մարտի  դաշտում՝ հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին, դրա վառ օրինակն են Վարդենիսի հրթիռային հարվածները, որի հետևանքով տուժել է նաև խաղաղ բնակչությունը»,- հավելեց նա։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •