Որն է Ալիևի նպատակը սանձազերծած պատերազմում: Սեպտեմբերի 27-ի լուսադեմից ի վեր այդ հարցը դարձել է ամենաքննարկվողներից մեկը՝ ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ անհամբերությամբ և սրտատրոփ սպասվող տեղեկություններին զուգահեռ: Որքան էլ հնչի տարօրինակ, Ալիևն այս պատերազմում չունի նպատակ:

Ալիևն այս պատերազմում գործիք է Թուրքիայի նպատակների համար: Հետևաբար պետք է քննարկել, թե որոնք են Թուրքիայի նպատակները:

Իհարկե այդ քննարկումները օգտակար ու անհրաժեշտ կարող են լինել պատերազմի մարտահրավերին հակազդելու մեր բանակի հերոսական ջանքին զուգահեռ քաղաքական գործընթացների համար, որովհետև ցանկացած պատերազմ նաև քաղաքական-դիվանագիտական գործընթաց է: Դրանում արդյունավետության համար կարևորագույն նախադրյալը իր փայլուն գործողություններով, հերոսությամբ և խիզախությամբ տալիս է հայկական բանակը, որն այսօր փաստացի կռվում է թուրք-ադրբեջանական հիբրիդի դեմ:

Թուրքիայի նպատակները թերևս բազմաստիճան են: Առաջնային նպատակն անշուշտ Ադրբեջանը ամբողջությամբ կլանելն է, որպեսզի այլևս որևէ այլ պետություն՝ ռեգիոնալ տերություն, թե գերտերություն, չունենա Ադրբեջանի հարցում ազդեցության շանս և չլինի մրցունակ Թուրքիայի նկատմամբ: Անկարան հուլիսի 12-ից հետո ինտենսիվորեն լծվել է այդ գործին և պատերազմով փորձելու է այն հասցնել ավարտին: Ընդ որում, հասցնել ավարտին՝ անկախ պատերազմի ելքից, որովհետև պարտությունն անշուշտ դուրս է գրվելու Ալիևի վրա, բայց Անկարան փորձելու է նրա փոխարեն կարգել այլևս բացարձակ ենթակա նոր իշխանություն:

Թուրքիայի մյուս նպատակը Կովկասում հաստատվելն է: Անկարան սահմանակից է Կովկասին աշխարհագրորեն, սակայն խոշոր հաշվով դուրս է ռազմաքաղաքական անվտանգային համակարգի վճռորոշ շրջանակից: Անկարան  դա դիտարկում է խորքային բացթողում, ռազմավարական վակուում իր էքսպանսիոն քաղաքականության տրամաբանության շրջանակում և փորձում է Ադրբեջանը որպես գործիք ծառայեցնել այդ հարցը լուծելու համար, Հայաստանի դեմ պատերազմով՝ բնականաբար Արցախը դիտարկվում է Հայաստանի դեմ պատերազմի շրջանակ, շանտաժի ենթարկելով Ռուսաստանին, որն ինքն է հավակնում ռեգիոնալ անվտանգության համակարգի գերակա կամ գերիշխող կառավարչի դերին:

Հայաստանի համար սա չափազանց վճռորոշ շրջափուլ է: Երևանի համար շատ կարևոր է, որ Ռուսաստանը պահի այդ դերը, միաժամանակ, սակայն, նույնքան կարևոր է, որ Ռուսաստանն այդ դերը պահի Անկարային մերժելով՝ վճռական մերժելով, ոչ թե այնպես, ինչպես մեկ դար առաջ՝ Թուրքիայի հետ հայկական շահերի հաշվին պայմանավորվելով:

Անկասկած է, որ Հայաստանի քաղաքական խնդիրը այս պատերազմում՝ ռազմական խնդրի բացարձակ հստակության պայմաններում, Կովկասի ռեգիոնալ անվտանգության համակարգում Թուրքիայի բացակայության շահառուների շրջանակի ընդլայնումն ու որոշակիորեն կոնսոլիդացիան է՝ Անկարային զսպելու համար:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •