HYD Serzh

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր խորհրդարանը չի արտահայտում քաղաքական ներկապնակը: Այն, որ խորհրդարանը չի արտահայտում Հայաստանում առկա քաղաքական պատկերը, բազմիցս արձանագրել ենք նաև մենք՝ իրավիճակի մեր վերլուծությունների ընթացքում:

Ամբողջ հարցը սակայն այն է, թե որն է Հայաստանի հասարակական-քաղաքական պատկերն այժմ: Այդ պատկերը խճանկարն է՝ նորի ու նախկինի պայքարի փաթեթավորման ներքո: Այսինքն, Հայաստանում որևէ խորհրդարանական ընտրություն բերելու է նոր ու նախկին պայքարի սրման, այսպես ասած սև-սպիտակեցման, ըստ այդմ՝ բևեռացման: Իհարկե դրա արդյունքում կարող է ձևավորվել տոկոսային այլ հարաբերակցություն, Նիկոլ Փաշինյանը կարող է վերցնել ավելի շատ, կամ ավելի քիչ մեծամասնություն, իսկ ԼՀԿ ու ԲՀԿ փոխարեն խորհրդարանում կարող է հայտնվել նրան ընդդիմադիր կամ ընդդիմախոս այլ ուժ կամ ուժեր, դաշինք, թե առանձին կուսակցություններ: Այդ իմաստով խորհրդարանի արտահերթ ընտրությունն անշուշտ մեծ հավանականությամբ կփոխի խորհրդարանի պատկերը:

Մյուս կողմից սակայն կասկածից վեր է, որ այդ ընտրությունից կարճ ժամանակ անց այդ պատկերը դարձյալ սկսելու է հակասության մեջ լինել ուժերի իրական հարաբերակցության հետ, քանի որ նախընտրական բևեռացումը հետընտրական փուլում գնալու է արդեն շահերի բաժանման և առնվազն նոր բևեռների ձևավորման միտումների: Եվ կարճ ժամանակ անց կանգնելու ենք նույն իրավիճակում: Իհարկե, դա էլ տարբերակ է, առավել ևս խորհրդարանական կառավարման մոդելների պարագայում հաճախակի տարբերակ այլ երկրներում:

Իսրայելում օրինակ նախորդ տարի անցկացվեց խորհրդարանի արտահերթ երեք ընտրություն, և միայն կորոնավիրուսը կանգնեցրեց չորրորդի հասունացումը: Սակայն ամբողջ հարցն այն է, որ Իսրայելում պայքարն ընթանում է արդեն իսկ ձևավորված և կայացած քաղաքական համակարգի, քաղաքական ուժերի շրջանակում, իսկ Հայաստանում խնդիրը հենց այդ համակարգի բացակայությունն է, կայացած քաղաքական մրցակցության բացակայությունը: Այդ պայմաններում լուծվում են գերազանցապես խմբային շահեր ու խնդիրներ, ինչի համար, փաստորեն, արտահերթ ընտրության պարագայում պետք է վճարի հանրությունը, քանի որ այդ ընտրությունը տեղի է ունենալու պետական բյուջեի փողով, որպեսզի խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտում որոշ ուժեր փոխվեն տեղերով: Այլ հարց, որ կարելի է քննարկել արտահերթ ընտրության տարբերակը, որի համար կվճարեն դրա շահառու քաղաքական ուժերը: Հատկապես, որ ֆինանսական կողմը կարծես թե նրանց ուժեղ կողմերից մեկն է:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •