Մի խումբ քաղաքացիներ սկսած 2008 թվականից առ այսօր չեն կարողանում ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանից ստանալ իրենց գնած բնակարանները կամ դրանց համապատասխան գումարը։

Քաղաքացիների խոսքով՝ Ախոյանը իր համար շահեկան վիճակում է հայտնվել՝ դատարանը նրան սնանկ է ճանաչել, որի հիմքով էլ վերջինս խուսափում է իր պարտավորություններից։

Սոս Հունանյանը ասաց, որ Արագած Ախոյանը իր ազգականներից գնել է բնակելի տան  տարածքը կառուցապատման նպատակով՝ խոստանալով այդ ժամանակ եղած շուկայական գնի կրկնակին։ Գումարի մի մասը վճարել է, իսկ մնացած մասն առաջարկել է պահել իր մոտ և դրա փոխարեն, երբ շենքի շինարարությունն ավարտվի, 2 բնակարան հատկացնել. «Դեռևս այդ ժամանակ պետք է գլխի ընկնեինք, որ իր միտքը ծուռ է։ Նա այդ առաջարկով պարզապես գայթակղել է իմ բարեկամներին, որ համաձայնեն վաճառել տարածքը։ Ինչևէ, նախնական պայմանագիր է կնքվել, գումարի մի մասը վճարվել է, իսկ մնացած մասը, ըստ համաձայնության, բնակարանի տեսքով պետք է վերադարձվեր։ Բայց շենքը կառուցվել է, բնակարանները վաճառվել են, բայց իրենց ո՛չ բնակարաններն են տալիս, ո՛չ գումարն են վերադարձնում։ Անընդհատ խոստումներ են հնչում, բայց ոչ մի արդյունք»,- ասաց Հունանյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ այդ շենքի բնակարանները Ախոյանն արդեն իսկ վաճառել է, հետևաբար  պետք է գումարը վերադարձվի։

«Բացի դրանից, փաստաթուղթ կա ստորագրված Ախոյանի կողմից, որ ինքը նախավճար է վերցնում, իսկ  քաղաքացիական օրենսդրության համապատասխան հոդվածով՝ եթե նախավճար վերցնողը խախտում է համաձայնության պայմանները, ապա պարտավորվում է կրկնակի վերադարձնել։ Հետևաբար Արագած Ախոյանը պարտավոր է մեզ վերադարձնել գումարի կրկնակին, քանի որ նա մեզ բնակարան տվողը չէ։ Ինքն ամեն ինչ անում է ձգձգելու համար, ցույց տալու համար, որ հարցը քաղաքացիաիրավական հարթության մեջ է, խարդախության հարց չկա և այլն»,- ասաց մեր զրուցակիցը։

Հունանյանն ասաց, որ երբ վերջին անգամ Ախոյանին հանդիպել է, վերջինս առաջարկություն է  արել  տալ մեկ 50-60 հազար դոլարանոց բնակարան, որին, սակայն, իրենք չեն համաձայնել, քանի որ դա վիճահարույց գումարի անգամ կեսը չէ։

Հունանյանն ասաց, որ իրենք պատրաստվում են դիմել դատարան, դրան զուգահեռ մեկ այլ տուժած դիմել է դատախազություն, և իրենց գործն էլ միացրել են դրան, որպեսզի այդ գործերը մեկ քրեական գործի վարույթում քննվեն։ Նախաքննությունը, սակայն, պարզել է, որ խարդախություն տեղի չի ունեցել, և քրեական գործի հարուցումը կարճվել է։ Կողմը կարճման որոշումը բողոքարկել է դատարանում, և դատարանը վերացրել է այդ որոշումը։ Նորից նախաքննություն է իրականացվել, և նորից նույն հիմքով գործը կարճվել է:

«Ես կարծում եմ, որ դատարանը կրկին պետք է վերացնի կարճման որոշումը, և նոր քննություն գնա, բայց այդպես էլ մենք տեղապտույտի մեջ ենք հայտնվում, որից  ելք չի երևում։ Ես անձամբ քննիչի հետ հանդիպել եմ, ցուցմունք եմ տվել, բացատրել եմ, որ չի կարող այստեղ հարցը քննարկվել քաղաքացիաիրավական հարթության մեջ։ Դա խարդախություն է, որը պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի։ Ես գիտեմ, որ Ախոյանը սնանկ է ճանաչվել, որով ինքը ուզում է հարցերը փակել, բայց ես գիտեմ նաև, որ վարկառուն կինն է եղել, ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլարի պատմություն է։  Ինքը կնոջ վարկի համար երաշխավոր է եղել, իբր չի կարողացել վճարել, բայց միայն այդ կառուցած շենքի կայանատեղին 10 հազար դոլար արժի։ Հետևաբար ես կարծում եմ, որ այդ սնանկությունը շինծու, արհեստական վիճակ է՝ իրականում մարդկանց հանդեպ ունեցած իր պարտավորությունները չկատարելու համար»,- եզրափակեց Սոս Հունանյանը։

Վերջինիս ազգական Սվետլանա Հունանյանի փաստաբան Մնացական Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ներկայումս կրկին պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան, որում վիճարկում է քննիչի՝ գործը կարճելու որոշումը. «Իմ վստահորդներին պետք է երկու բնակարան տրվեր։ Արագած Ախոյանն անվերապահորեն ընդունում է մեկ բնակարանի փաստը, իսկ երկրորդ բնակարանի համար լրացուցիչ վճար է պահանջում, բայց ես ինչքան հասկացա՝ ինքն այդ բնակարանները չունի։ Որքանով որ ես տեղյակ եմ, այդ բնակարաններն արգելանքի տակ են։ Սնանկության կառավարչի հետ ես խոսել եմ, և նա ասել է, որ խոսք է գնում մի քանի հարյուր հազար դոլարի պարտավորության մասին։ Երկու հողամաս ունի Շիրակի մարզում, որ իրենցից արժեք չեն ներկայացնում։ Մնացած ամեն ինչը գտնվում է կալանքի տակ։ Նա ինձ հետ խոսելու ժամանակ ասաց, որ Մայր Աթոռից գումար ունի ստանալու՝ մի քանի հարյուր միլիոն դրամ, բայց ես զրկված եմ այդ տեղեկատվությունը ստուգելու հնարավորությունից»,-  ասաց փաստաբանը։

Արագած Ախոյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Նշենք, սակայն, որ Արագած Ախոյանը 2018-ին դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ: «Հայկ Արշին» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել Մայր Աթոռի պատվերով, բայց չի վճարվել։ Նա սպասում է այդ գումարին, որպեսզի վճարի իր պարտատերերին։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •