ՍԴ դատավորների ընտրությունը կարող է նշանակել մի բան, որ ՍԴ ճգնաժամի թեման փակված է, նախօրեին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ՍԴ դատավորի առաջադրված թեկնածուների վերաբերյալ քննադատությունների:

Փաշինյանը հայտարարեց նաեւ, թե «հեղափոխության արժեքների» անունից այդ թեկնածուների հասցեին քննադատություն հնչեցնող կողմերը պարզապես ուզում էին առաջ տանել իրենց թեկնածուներին, իրենց շահերը, իրենց ազդեցությունը:

Թե հատկապես ինչ խմբերի կամ անձանց մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել: ՍԴ ճգնաժամի թեման փակված համարելուց հետո վարչապետ Փաշինյանն արեց չափազանց կոշտ ֆեյսբուքյան գրառում, որտեղ իհարկե չկային անուններ, սակայն կար շատ թափանցիկ ակնարկ Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ բռնաբարության հայտնի պատմության հիշատակումով:

Դրան հաջորդեց Ծառուկյանի ոչ պակաս կոշտ գրառումը, դարձյալ անանուն, թե պետք է օրենքով արգելել հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բարձր քաղաքական պաշտոնում հայտնվելը:

Պատահակա՞ն էր արդյոք ՍԴ ճգնաժամը փակված համարելու վերաբերյալ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո ուժգին հարվածը ԲՀԿ առաջնորդին: Արդյո՞ք ՍԴ ճգնաժամին այժմ ներքաղաքական կյանքում փոխարինելու է գալիս «ԲՀԿ ճգնաժամը»:

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումն ակնհայտորեն պարունակում էր քաղաքական խորքային կոնսենսուսի տարրեր, որ իր որոշումներով փորձեց ձեւավորել Նիկոլ Փաշինյանը, ինչն էլ հասարակական-քաղաքական կյանքի մասնակից մի շարք խմբերի մոտ առաջացրեց սուր քննադատություն ընտրված թեկնածուների հասցեին: Փաշինյանը փաստացի ձեւավորեց ՍԴ կազմ, որի տողատակում ակնհայտորեն նկատվում է Հայաստանի հիմնական ներքաղաքական գործոնների կամ թեւերի միջեւ որոշակի բալանսավորվածությամբ կոնսենսուսը:

Փաշինյանին դա թերեւս անհրաժեշտ է Հայաստանի շուրջ արտաքին միջավայրում բուռն եւ դինամիկ վերափոխումների բերումով: Հայաստանի ներքին կյանքը գործնականում մշտապես եղել է արտաքին միջավայրի ազդեցության գոտում: Իսկ դա մի իրավիճակ է, երբ ներքին դերակատարներից որեւէ մեկի համար՝ անկախ արտաքին որեւէ բեւեռի կամ խմբի հետ հարաբերությունից, չկա որեւէ անվտանգային երաշխիք: Երաշխիք կարող է ձեւավորվել միայն Հայաստանի ներսում, եթե գտնվի դրա համար բավարար կամք, որն էլ պետք է լինի նվազագույն երաշխիքային ներքին համակարգի եւ ուժերի հարաբերակցության ձեւավորման ճանապարհ:

Այդ առումով Հայաստանում խնդիրները մշտապես եղել են շատ բարդ, առավել բարդացել են հեղափոխությունից հետո: Հենց այդ բարդությունն է թերեւս պատճառը, որ կոնսենսուսի հնարավորություն կարող էր դիտվել ՍԴ կազմը: Միաժամանակ, սակայն, դրանից հետո առավել էական է դառնում քաղաքական մեխանիզմների խնդիրը: Այդտեղ է, որ ԲՀԿ-ն «ճգնաժամահեն» գործոն է: Որովհետեւ, եթե հեղափոխությամբ իշխանափոխությունը որոշակիորեն հստակեցրել է նախկին իշխանության դերակատարների ներկայիս քաղաքական դիրքավորումները, ԲՀԿ պարագայում դա տեղի չի ունեցել: ԲՀԿ-ն խցանված է մնացել հեղափոխության ու «հակահեղափոխության» միջեւ, ու այստեղ առաջացել է հստակեցումների խնդիր: Եթե այն չի լուծվում, ԲՀԿ-ն կամա թե ակամա լինում է Հայաստանի դեմ տարբեր խնդիրների լուծման միջոց արտաքին տարբեր ուժերի համար:

Դա չափազանց վտանգավոր իրավիճակ է առաջին հերթին հենց Գագիկ Ծառուկյանի համար: Նա ունի ընտրություն՝ ներքաղաքական կյանքի մասնակից սուբյեկտներից ում հետ պայմանավորվել հեռանալու վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի, կամ Սերժ Սարգսյանի: Այստեղ է թերեւս նաեւ այն կոնսենսուսը, որ ձեւավորել է Փաշինյանը ՍԴ հարցում իր որոշումներով: Դա նաեւ կոնսենսուս է Ծառուկյանին հեռացնելու հարցին անցնելու վերաբերյալ:

Իհարկե, կա նաեւ նրա մնալու տարբերակը, բայց մի գրեթե անհավանական բանաձեւով՝ եթե Ծառուկյանը կկլանի բոլորին, թողնելով միայն մեկին: Անուններն այդ պարագայում այդքան էլ վճռորոշ չեն:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •